Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Յուրաքանչյուր հայ մարդու, յուրաքանչյուր մարդու համար ամենագլխավորն այն է, որ ուկրաինացի ժողովուրդն օր ու ժամ առաջ վերադառնա խաղաղ, ստեղծագործ կյանքի, իր որոշումները կայացնի, գտնի այն ճիշտ ուղին, որն ընդունելի է իր երկրի, իր ժողովրդի համար. այսօր ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը՝ անդրադառնալով ուկրաինական իրադարձություններին:
Հերմինե Նաղդալյանը նշեց, թե Ուկրաինայի ժողովրդի հետ Հայաստանը մի երկրի կազմում` որպես եղբայր ժողովուրդ է ապրել ու կենսագործել, այսօր էլ բարեկամություն ունենք ու իսկապես շահագրգիռ ենք, որ օր առաջ խաղաղվի այդ երկիրը:
«Եվ ոչ միայն այն պատճառով, որ ուկրաինացի ժողովուրդը մեր եղբայր ժողովուրդն է, այլեւ այն պատճառով, որ այնտեղ մեծ հայկական համայնք ունենք, եւ հայ մարդիկ նաեւ մասնակցում են Ուկրաինայի բոլոր զարգացումներին` անկախ նրանից, թե բարիկադների որ կողմում են, իրադարձությունների զարգացումների որ ուղին են նախընտրում»,- մասնավորեցրեց ԱԺ փոխխոսնակը:
Հերմինե Նաղդալյանը նշեց, որ ամեն մի ժողովուրդ ինքն է ընտրում իր ե՛ւ ճանապարհը, ե՛ւ իր իշխանությանը, ե՛ւ իր զարգացման ուղին, ու ընդունելի համարեց Ուկրաինայի ժողովրդի բոլոր տեսակի որոշումները, միայն թե դրանք լինեն նրանց որոշումներն ու լինեն վերադարձ խաղաղ պայմաններին: Ինչ վերաբերում է բարեկամ երկրների` կողքից հայացքին, Նաղդալյանը կարծիք հայտնեց, թե առաջին հերթին ճիշտ կլինի չմիջամտել այդ երկրի ու ժողովրդի ներքին գործերին ու թողնել, որ զարգացումները բնական հունով ընթանան:
Հայաստանի կողմից այս հարցում պաշտոնական լռությունն էլ Նաղդալյանը որակեց որպես զգուշավորության ցուցաբերում՝ նշելով. «Ելնելով այն հանգամանքից, որ չէինք ուզի լրացուցիչ սրացում կամ ապակայունացում մտցնել այդ զարգացումների մեջ: Ես իմ անձնական կարծիքն եմ ասում, բայց կարծում եմ, որ սա է հիմնականը»:
Yerkir.am-ի հարցին՝ մեր ռազմավարական գործընկերոջ՝ Ուկրաինա զորք մտցնելու դեպքում Հայաստանի տեղն ու դերը ո՞րը պետք է լինի, ԱԺ փոխխոսնակն ասաց, որ թե՛ որպես պետություն եւ թե՛ որպես ժողովուրդ, մենք, առաջին հերթին, պետք է շահագրգռված լինենք խաղաղ զարգացումներով ու դիրքորոշվենք այդ իմաստով: Ինչ վերաբերում է կանխատեսումներին, ըստ պատգամավորի, դա քաղաքականության մեջ ամենաանշնորհակալ գործն է, հատկապես` այս կարգի պրոբլեմների դեպքում, երբ խնդիրը վերաբերում է ստրատեգիական որոշումներին ու զարգացումներին: Նա կարծիք հայտնեց, թե ամենաճիշտ մոտեցումը զգուշավոր ու կշռադատված, չափավոր քայլերն են բոլորի կողմից: Մեր հարցին՝ գոնե ինչ-որ սցենարներ, դրանց համապատասխան քայլեր նախատեսվա՞ծ են հայկական կողմից, Հերմինե Նաղդալյանը հավաստիացրեց, որ, անշուշտ, նախատեսված են:
«Մենք ազգային անվտանգության խորհուրդ ունենք, համապատասխան մարմիններ ունենք, ունենք քաղաքական ղեկավարություն, ոչ մի վայրկյան կասկածելու բան չկա, որ ամեն վայրկյան նրանցից յուրաքանչյուրը իրենց պոստում են եւ իրենց խնդիրների նկատմամբ ականջալուր են ու շատ ուշադիր: Բնականաբար, անհրաժեշտ պահին, երբ կհասկանան, որ պահը հասունացել է, նրանք հանդես կգան համապատասխան ձեւով»,- նշեց ԱԺ փոխխոսնակը: