կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-11-23 15:27
Քաղաքական

Ում դաշտում է խնդիրը, նա էլ կկրի պատասխանատվություն. Հերմինե Նաղդալյան

Ում դաշտում է խնդիրը, նա էլ կկրի պատասխանատվություն. Հերմինե Նաղդալյան

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը կարծում է, որ սահմանադրական բարեփոխումների մասին իրազեկող բուկլետները, գրքույկները պետք է լինեն շատ, որպեսզի մարդիկ կարողանան կարդալ ու ծանոթանալ նոր Սահմանադրությանը:

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Նաղդալյանը նշեց` այս ամբողջ քարոզարշավը, որ կատարվում է տարբեր քաղաքական ուժերի` «Այո»–ի և «Ոչ»-ի ճամբարների կողմից, բացատրական աշխատանք է, և դրա նպատակներից մեկն էլ այն է, որ ընտրողը բավարար տեղեկատվություն ունենա և նոր միայն կատարի իր ընտրությունը:

«Քարոզչությունը և իրազեկումը շախկապված են: Ովքեր հնարավորություն չունեն համացանցի միջոցով իրազեկվելու, պետք է փորձեն իրենց հնարավորությունների շրջանակներում դիմել տեղական կառույցներին` իրազեկվելու նպատակով: Կարող են նաև վերցնել «Ասա\' այո»-ով թերթոնը և առաջին էջում չկարդան «Ասա\' այո»-ն, այլ կարդան մնացածը»,- ասաց Նաղդալայնը:

Նա անդրադարձավ նաև քարոզարշավի շրջանակներում ընթացքող ռեալիթի շոուին և նշեց, որ այս քարոզարշավի ընթացքում նոր քաղաքականություն ի հայտ եկավ, որի արտահայտումներից մեկն էլ հենց այդ շոուն էր:

«Մենք քննարկում ենք Սահմանադրություն, Սահմանադրության հանրաքվե, այսինքն`խնդիրը ո\'չ իմն է, ո\'չ քոնն է, ո\'չ քեզ համար է կամ էլ ինձ համար, այս կամ այն քաղաքական ուժի համար, այլ սա մի փաստաթուղթ է, որը հիմնարար է բոլորի համար, Մայր օրենքն է, այնտեղ սահմանաված են մարդու հնարավորություններն ու իրավունքները: Այդտեղ են նաև իրավունքները սահմանափակող կետերը, այսինքն` սա այն փաստաթուղթն է, որի համար մենք պետք է քարոզչությունն իրականացնենք մեկ այլ քաղաքական մշակույթի մեջ` իմ ու քո չանելով: Բոլորիս համար պետք է հավասարապես լինի շահագրգռվածությունը` և\' որպես քաղաքացիներ, և\' որպես քաղաքական ուժեր»,- ասաց Նաղդալյանը:

ԱԺ փոխխոսնակի խոսքով` սա բավական լավ հնարավորություն է, որպեսզի տարբեր ուժերի ներկայացուցիչներ հավասար պայմաններում, հավասար բանավեճի մեջ, տարբեր բնակավայրեր այցելելով, կարողանան մարդկանց իրենց կարծիքները հասցնել:

«Շատ լավ հնարավորություն է ոչ միակողմանի փաստարկներ լսելու: Տարբեր տեսակետներ համադրելով` կարելի է հասկանալ` ո՞րն է քեզ ավելի մոտ: Սա լավ քաղաքական մշակույթ է, և արժե, որ այդ մշակույթն արմատավորվի: Մենք քիչ–քիչ գալիս ենք ավելի քաղաքակիրթ քարողարշավ անցկացնելու տարբերակին»,- ընդգծեց Նաղդալյանը:

Պատասխանելով հարցին, թե մինչև հիմա քաղաքացին գիտեր` իր ձախորդությունների համար ում մեղադրեր և մեղադրում էր հանրապետության նախագահին, իսկ նոր Սահմանադրությամբ ո՞ւմ մեղադրի, նա նշեց. «Հենց այստեղ է այն թնջուկներից և պրոբլեմներից մեկը, որ նոր Սահմանադրությամբ ուզում ենք փոխել: Դա այն է, որ մինչ օրս ոչ թե քաղաքացին գիտի` ում մեղադրի, այլ, անկախ նրանից, ո՞ւմ խնդիրն է և ո՞ւմ հետ է կապված, մի մարդուն է մեղադրում` հանրապետության նախագահին: Սրա մեջ կա անարդարություն, վատ կառավարման տարր: Այս բարեփոխման նպատակներից մեկը հենց սրանում է, որ նորմալանա այս դաշտը: Ում լիազորությունն է, ում դաշտում է խնդիրը, նա էլ կկրի պատասխանատվություն մեկ հոգու փոխարեն»: