Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը վստահեցնում է, որ այս պահին արվում է ամեն ինչ` վեհաժողովի լիագումար նիստում հակահայկական զեկույցների ընդունումը կանխելու համար: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Նաղդալյանը նշեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ է տանում ինչպես պավիրակությունը, այնպես էլ խորհրդարանի ղեկավարությունը և ՀՀ ԱԳՆ-ն:
«Այս պահին մենք քննարկում ենք բոլոր այն հնարավոր քայլերը, որոնք կարող են մեզ համար օգտակար լինել և թույլ կտան լիագումար նիստի ժամանակ բեկում մտցնել գործընթացում: Թե ի՞նչ քայլեր մենք կանենք` կլինի հայտարարություն, թե` մեկ այլ քայլ, մենք կորոշենք քննարկումների արդյունքում: Իսկ երբ կայացվի որոշում, դուք կիմանաք այդ մասին: Ես պետք է ասեմ նաև, որ միջազգային խորհրդարանական այլ հարթակներում աշխատող մեր պատգամավորները ևս քայլեր են ձեռնարկում իրենց գործընկերների միջոցով ազդեցություն ունենալ այն պատվիրակությունների վրա, որոնք աշխատում են Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում»,- նշեց Նաղդալյանը:
Անդրադառնալով վեհաժողովի հունվարյան նստաշրջանը բոյկոտելու մասին խոսակցություններին` նա նշեց, որ դա լավագույն տարբերակը չի համարում: «Մեր պատվիրակությունը նստաշրջանը բոյկոտելու հարցը չի էլ քննարկել, որովհետև մենք հիմա քննարկում ենք բոլոր այն տարբերակները, որոնք մեզ համար կարող են օգտակար լինել: Այլ քայլերի մենք կդիմենք, եթե զգանք, որ այլ տարբերակ չունենք: Հնարավոր է, որ մենք նման որոշում ունենանք լիագումար նիստից առաջ՝ կախված նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»:
Խոսելով ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կազմի փոփոխության մասին խոսակցություններին՝ Հերմինե Նաղդալյանը հստակեցրեց, որ պատվիրակության կազմը որոշում են խմբակցությունները, որոնք կարող են փոխել իրենց խմբակցության անդամին, եթե գտնում են, որ նա թերացել է իր աշխատանքներում: «Եթե խմբակցությունները կգտնեն, որ իրենց պատվիրակը լավ չի կատարել իր աշխատանքը, ու կորոշեն փոխել նրան, դա կլինի իրենց որոշումը: Իսկ Հանրապետական կուսակցությունը վեհաժողովում պատվիրակության կազմը փոխելու հարց չի քննարկում»,- մանրամասնեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարը: