Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր խորհրդարանում լսումներ են կազմակերպվել՝ «Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով, որին մասնակցում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ պատգամավորներ, բիզնես սեկտորի ներկայացուցիչներ, Հայաստանում միջազգային ընկերությունների ներկայացուցիչներ:
Լսումները նպատակ ունեն մեկտեղել կառավարության, խորհրդարանի, դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների, մասնավոր գործարար ոլորտի, փորձագետների մոտեցումները, քննարկել արտաքին քաղաքականության մեջ տնտեսական գործոնի արդյունավետ կիրառման հնարավորությունները:
Մինչ ելույթ ունեցող փոխնախարարները, նախարարները, պատգամավորները իրենց խոսքն ուղղում էին ապագային` ասելով, որ պետք է ակտիվացնեն քայլերը ներդրումների ներգրավման համարև ոչ մի կերպ չէին անդրադառնում խնդիրներին ու խոչընդոտներին, Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը խոսեց ներկա վիճակի մասին` ուշադրությունը բևեռելով սթափ գնահատականների վրա:
«Ի՞նչ պետք է անենք, որ օտարերկրյա ներդրողները համարձակորեն ներդրումներ կատարեն Հայաստանում: Առաջին հերթին պետք է ակտիվանան ներքին ներդրողները: Մինչև մենք աշխուժություն չմտցնենք ներսում, դրսի գործարարը չի հավատա ներդրումների բարենպաստ դաշտին, չի մտնի փոքր շուկա, այն դեպքում, երբ մենք շրջապատված ենք թշնամաբար տրամադրված պետություններով` Ադրբեջանով ու Թուրքիայով: Ուստի եթե չկան ներքին ներդնողներ, մենք չենք կարող համոզել օտար ներդրողներին, թե` մեզ մոտ լավ է, եկեք մեզ մոտ»,- ասաց Արսեն Ղազարյանը:
Նա կարևորեց արդար բիզնես վարելու գործոնը, որը կարող է հավատ ներշնչել օտարերկյա ներդրողներին: Ըստ Արսեն Ղազարյանի` դրսի ներդրողը պետք է հավատացած լինի նաև, որ Հայաստանում օրենքները գործում են, որ ամեն ինչ կարգավորվում է միայն շուկայի օրենքներով, այլ ոչ մենաշնորհային ճնշումներով ուղեկցվող գործընթացներով:
Արսեն Ղազարյանն այնուհետ անդրադարձավ Հարկային նոր օրենսգրքին` ասելով, որ նոր օրենսգրքի խմբագրած տարբերակը նույնպես իրենց սրտով չէ, և դեռ 14 կետի վերաբերյալ ունեն առաջարկություններ:
«2017թ. պետք է վերախմբագրվեն Հարկային նոր օրենսգրքի շատ դրույթներ: Առաջին հերթին պետք է վերանայվի դիվիդենդների հարկման սկզբունքը: Տեղական ներդրողներին հարկենք 5 տոկոս, օտարներին` 10 տոկոս` արդեն իսկ անընդունելի է, խտրական է ու չի նպաստի ներդրումների աճին»,- ասաց Արսեն Ղազարյանը:
Նա անդրադարձավ նաև օտարերկրյա ներդրումների մասին նոր օրենքին, որը դեռ չի ներկայացվել ԱԺ-ին` ասելով, որ այն շատ թույլ նախագիծ է, մինչդեռ Հայաստանի նման փոքր շուկա ունեցող երկրի պետք չէ նման թույլ օրենք:
«Մենք են շահառուն, ուրեմն պետք է այնպես անենք, որ օրենքը ուժեղ լինի: Վարչապետը սկսել է հարկային ու մաքսային բարեփոխումներ, նրա հետ հանդիպման ժամանակ ես ասացի, որ այդ քայլերը հուսադրող են, որ արդեն լույս եմ տեսնում թունելի վերջում: Բայց դեռ կան խնդիրներ արտահանման ոլորտում, քանի որ արտադրական ծավալներ չունենք: Ամեն օր ԱԻՆ-ը տեղեկություններ է տալիս, այսօր Լարսի անցակետը փակ է կամ բաց է: Բայց հենց Լարսի անցակետն է ԵՏՄ շուկայի հետ կապող միակ ճանապարհն ապահովում: Անգամ եթե եղանակային պայմանները լավն են, միևնույն է` թողունակությունը քիչ է, և ակնհայտ է, որ Լարսի հարցը Հայաստանի լուծելիք հարցը չէ»,- ասաց Արսեն Ղազարյանը:
Ի թիվս այլ խնդիրների, նա մատնանշեց ևս մեկ խոչընդոտ` որոշ երկրների հետ վիզաների սահմանափակումը, ինչը չի նպաստում ներդրումներին, ուստի անհրաժեշտ է վիզաների դյուրացում այդ երկրների հետ:
Ինչ վերաբերում է Հայաստանի զարգացման հիմնադրամին, որին վերապահվում է հիմնական գործառույթը ներդրումների ներգրավման ու ներդրողի աջակցության գործում, Արսեն Ղազարյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի զարգացման հիմնադրամը դեռ «երկունքի, ծննդյան» փուլում է, և որ ներդրումային ծրագրերը իրականում պետք է ոչ թե հիմնադրամները մշակեն, այլ գործարարները: Իսկ, ներդրումային ծրագրերի հետ կապված, քիչ են 10,20 միլիոնանոց ծրագրերը, առևտրային բանկերի տրամադրած տոկոսադրույքները բարձր են ու ոչ նպաստավոր, հետևաբար, բանկերի հետ կապված էլ առաջացել է պատային վիճակ:
Ինչևէ, բոլոր խնդիրներով հանդերձ, Արսեն Ղազարյանը կարծում է, որ Հայաստանը կապող օղակ է արևելքի ու արևմուտքի միջև, ուստի անհրաժեշտ է համագործակցել` այդ կամուրջն էլ ավելի էֆեկտիվ դարձնելու համար:
Վերջում նա ողջունեց 2 կառույցների` Ներդրումային հիմնադրամի ու Ռազմավարական ծրագրերի կենտրոնի հիմնումը: