կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-04 20:00
Հասարակություն

Հայաստանում անկլավներ չկան, որքան էլ կապիտուլյանտ իշխանությունը փորձի համոզել ու ստել․ Ա․ Աղաբաբյան

Հայաստանում անկլավներ, այլ երկրի տարածքներ չկան։ Հայաստանի այն տարածքը, որ ունենք, մեր հայրենիքն է, մեր հանրապետության սուվերեն տարածքն է։ Մեր սահմաններից ներս օտար՝ այլ պետության տարածք, հատված, կտոր, սանտիմետր չունենք․ Yerkir.am-ին ասաց ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը։

«Հայաստանի այսօրվա թուրքամետ իշխանությունը, ամենայն հավանականությամբ, ստանձնել է ինչ-որ պարտավորություններ թշնամու նկատմամբ՝ հայկական տարածքներ նրան զիջելու, նվիրելու, եւ այդ ընթացքը որեւէ ձեւով արդարացնելու համար, ժողովրդին որեւէ բացատրություն տալու համար նրանք ցնդաբանություններ են ներկայացնում ժողովրդին, պատմական հիմք չունեն, տգիտության հետեւանք են»,- հավելեց նա։

Աղաբաբյանի խոսքով՝ այն հատվածները, որոնք Հայաստանի այսօրվա իշխանությունը ներկայացնում է որպես անկլավ, մեր պատմական հայրենիքն ու հողերն են, որտեղ ապրել են որոշ ադրբեջանցիներ, բայց այդ հողերը երբեք նրանցը չեն եղել։ Այդ տարածքները եղել են Հայաստանի, Խորհրդային Հայաստանի, պատմական Հայաստանի տարածքներ, որոնց մասին բազմաթիվ ապացույցներ կան։ Թշնամին էլ, թեկուզ Հայաստանի իշխանության կամքով, արդեն համարյա մի ամիս անօրինական է գտնվում Հայաստանի սահմաններից ներս։

«23 օր է՝ թշնամին մեր տարածքում որեւէ դիմադրության չի հանդիպել եւ շարունակելու է մնալ Հայաստանի տարածքում այնքան ժամանակ, քանի դեռ դիմադրություն, ուժի սպառնալիք, ուժի կիրառում չի տեսել։ Նա շարունակելու է առաջ գալ, որովհետեւ որեւէ դիմադրություն չկա։ Երեկ լուրեր տարածվեցին, որ զինծառայողներին ու տեղի ապրողներին հրահանգվել է չկրակել, այլ բահերով, քարերով մարտի բռնվել, եթե անհրաժեշտություն լինի։ Հայաստանի այսօրվա իշխանության օրակարգում Հայաստանի սահմանների պաշտպանության անհրաժեշտություն չկա»,-Yerkir.am-ին ասաց Ալվինա Աղաբաբյանը։

Ըստ նրա՝ այս իրավիճակը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ այսօրվա իշխանությունն է ղեկավարում Հայաստանը։

Ալվինա Աղաբաբյանը վերջերս եղել է Տավուշի գյուղերում, որոնք թշնամուն հանձնելու մասին  նույնիսկ խոսել է Փաշինյանը։ Նրա խոսքով՝ այս պարագայում արդեն թշնամին վերահսկելու է Հայաստանի տարածքն ամբողջությամբ․ Տավուշը, Լոռին հայտնվելու են թշնամու ուղիղ թիրախում։

«Նույն իրավիճակն ենք ունենալու, ինչ Սյունիքում, այսինքն՝ ունենալու ենք հայկական տարածքների օտարում, միջպետական ճանապարհի՝ թշնամուն նվիրաբերում, հանձնում նրա վերահսկողությանը, ունենալու ենք բազմաթիվ գյուղերի հայաթափում, անվտանգության համակարգի փլուզում, որովհետեւ մեր զորքերը ստիպված պետք է լինեն հետ քաշվել, բացի դրանից՝ ունենալու ենք լրացուցիչ տարածքների կորուստ, որովհետեւ այդ գյուղերը տալու դեպքում թշնամին, վստահաբար, պահանջելու է ցամաքային կապ, քանի որ այդ համաձայնագրով այնտեղ  սահմանազատման-սահմանագծման սկզբունքներից մեկը աշխարհագրական նպատակահարմարությունն է, եւ նրանք պահանջելու են ցամաքային կապ իրենց տարածքի հետ եւ ստանալու են այս իշխանության մնալու դեպքում»,- նշեց Աղաբաբյանը։

Ըստ նրա՝ այս գյուղերը տալով՝ ունենալու ենք թշնամու հետ մերկ սահման, ինչը նրան թույլ է տալու էլի առաջ գալ, ինչպես այսօր Սյունիքում եւ Գեղարքունիքում է։

Մանրամասն՝ տեսանյութում