կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-11 18:32
Իրավական

Մենք չենք կարող թույլ տալ ներքին հակասություններ մեր Վեհաժողովում. Արփինե Հովհաննիսյան

Մենք չենք կարող թույլ տալ ներքին հակասություններ մեր Վեհաժողովում. Արփինե Հովհաննիսյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանի ելույթը ԵԽԽՎ նիստում ` ԵԺԿ խմբի անունից.

«Հարգարժան գործընկերներ,

Հարգելի պարոն Նիկոլետտի,

Ես ողջունում եմ Ձեր նախաձեռնությունը Եվրոպայի խորհդի անդամ երկրների պետությունների ղեկավարների չորրորդ համագումարը կազմակերպելու վերաբերյալ, որն այսօր պայմանավորված է խիստ անհրաժեշտությամբ:

Ինչպես իրավացիորեն նշում է զեկուցողը, ահաբեկչական հարձակումները, եվրո-սեպարատիզմի աճը, ազգայնամոլությունը, պոպուլիզմը, այլատյացությունը, բաց և սառեցված հակամարտությունների առկայությունը, անեքսիաները և հարևանների տարածքների շրջափակումը և այլ չարիքները վտանգում են մեր միասանությունը, մեր վերազգային կազմակերպության միասնությունը:

Բացի այս արտաքին սպառնալիքներից, դժբախտաբար, մենք առերեսվում ենք նաև ներքին վտանգների: Ես հավատում եմ, որ այն իրավիճակում, երբ ահաբեկչական հարձակումները դառնում են սովորական երևույթ, երբ մեզ շրջապատում է ատելության և անհանդուրժողականության մթնոլորտը, մենք չենք կարող թույլ տալ ներքին հակասություններ մեր Վեհաժողովում:

Մենք պետք է հիշեցնենք ինքներս մեզ մեր հիմնաքարային արժեքների մասին, այն թե ինչու և ինչ նպատակներով է ստեղծվել այս կազմակերպությունը: Չորրորդ համագումարը կարող է դառնալ մեր առաքելությունը մեզ բոլորիս հիշեցնելու լավ հարթակ, հիշեցնելու, որ մենք, անդամակցելով այս բարձր համբավ ունեցող կազմակերպությանը, պարտավորություններ ենք ստանձնել և այդ ստանձնած պարտավորությունները պետք է մնան անփոփոխ, և մենք պարզապես իրավունք չունենք հետ կանգնել դրանցից։

Ես ևս մեկ գաղափար կարտահայտեմ. մեր համագործակցությունը Եվրոպական միության հետ շոշափելի նախապայման է հաջողության հասնելու համար։ Այն պետք է ավելի համապատասխանեցվի կարիքներին և ներդաշնակեցվի։ Չափանիշներին համապատասխանեցումը կբարձրացնի արդյունավետությունը մեր նպատակների իրականացման գործընթացում։

Նախորդ համագումարին՝ 2005 թվականին, բոլոր խոսնակները գովաբանում էին այն փաստը, որ մեր մայրցամաքը ապրում է իր պատմության մեջ լավագույն ժամանակները, քանի որ Եվրոպան երբեք չի եղել այդքան ամուր, անվտանգ, այդքան մոտ միավորված լինելուն, ինչը արժևորման և հիացմունքի առարկա է ամբողջ աշխարհում:
Կարո՞ղ ենք նույնը պնդել այսօր:

Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք: Դրա համար մենք պետք է միավորվենք մեր արժեքների՝ մարդու իրավունքների, խորհրդարանական ժողովրդավարության պաշտպանության և իրավունքի գերակայության շուրջ:

Համագումարը թույլ կտա հետադարձ հայացք գցել մեր ձեռքբերումներին և նվաճումներին, ուրվագծել մեր ապագա քայլերը: Այդ պատճառով ես սատարում եմ Վեհաժողովի ակտիվ ներգրավվածությամբ չորրոդ համագումարի անցկացումը»: