կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-08 16:03
Մշակույթ

Ճարտարապետների պալատ. ինչ խնդիր է լուծելու նոր կառույցը

Ճարտարապետների պալատ. ինչ խնդիր է լուծելու նոր կառույցը

Կառավարության նախորդ նիստում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ներկայացրեց «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն արժանացավ կառավարության հավանությանը:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ խորհրդային տարածքում միությունները մինչև վերջերս ակումբի կարգավիճակով էին և չէին կարողանում զբաղվել ճարտարապետությանը հուզող խնդիրներով: Բացի այդ` միությունները հասարակական կազմակերպություն են և անգամ չունեն ռեգիստր, թե, օրինակ, քանի ճարտարապետ ունեն:

«Հիմա, օրենքն ընդունելով, անցնում ենք ընդունված այն գործառույթներին, որոնք գործում են ամբողջ աշխարհում, այսինքն` Ճարտարապետների պալատն ինքնակառավարվող կառույց է լինելու, և մենք պետք է «տեր կանգնենք» ճարտարապետներին, պաշտպանենք նրանց իրավունքները, բայց, միևնույն ժամանակ, պետք է պարտավորեցնենք, որ պահպանեն քաղաքաշինության բոլոր կանոնները, ինչը մեծ հնարավորություն կտա, որ ապագայում մեծ սխալներ թույլ չտանք: Օրենքը նաև հնարավորություն կընձեռի դիմակայելու կառուցապատողների ցանկություններին, քանի որ նախագծերը կյանքի կոչվելուց առաջ դրանք պետք է քննարկման դրվեն»,-ասաց Մինասյանը:

Նա նշեց նաև, որ եթե ճարտարապետն ինչ-որ սխալ անի` մասնագիտական կամ էթիկական, իրենք այն քննելու ենք, բայց, օրինակ, շինարարական աշխատանքները կասեցնելու գործառույթներ չեն ունենալու:

Հարցին, թե Ճարտարապետների պալատն իրավաբանական ուժ ունենալո՞ւ է, Մինասյանը պատասխանեց, որ`ոչ, քանի որ կան բազմաթիվ օրենքներ, որոնք կարգավորում են դաշտն այդ առումով: «Մենք ուղղակի պետք է ինքներս մեզ կարգավորենք: Այսինքն` ինչ-որ տեղ վերահսկելի կլինի ոլորտը, քանի որ ամեն ինչ աչքի առաջ կլինի: Տեսեք` հիմա կառուցում են, հետո են քննարկման դնում նախագծերը, իսկ օրենքի ընդունումից հետո մենք պետք է քննարկենք բոլոր նախագծերը կանխավ: Ճիշտ է, կառույցը ճարտարապետների համար է, սակայն այն նաև հնարավորություն կտա պակասեցնելու խախտումները»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ դեռևս 2008-ին, ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ, ՀՀ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի գլխավորությամբ, ՀՀ քաղաքաշինության նախարարության և Հայաստանի ճարտարապետների միության համատեղ հանձնաժողովի կողմից մշակվեց օրենքի նախագիծը:

Նախագծի մշակման հիմնական նպատակն է ապահովել կառուցապատվող միջավայրի, շենքերի ու շինությունների հարմարավետությունը, անվտանգությունն ու հուսալիությունը, ճարտարապետների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, ինչպես նաև քաղաքացու և հասարակության պաշտպանվածությունը ճարտարապետության ոլորտում ոչ արհեստավարժ գործունեության բացասական հետևանքներից: Պալատը կիրականացնի ճարտարապետների արտոնագրման և գրանցման, էթիկայի կանոնների հաստատման և դրանց կատարումը վերահսկող, ուսուցման ծրագրերի մշակման և դասընթացների պատշաճ կազմակերպման և անցկացման, պայմանագրերի օրինակելի ձևերի մշակման, աշխատանքների և ծառայությունների գնահատման մեթոդական ցուցումների և այլ գործառույթներ: