կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-23 20:05
Մշակույթ

Ճարտարապետների պալատ ստեղծելու հարցն ԱԺ-ում է

Ճարտարապետների պալատ ստեղծելու հարցն ԱԺ-ում է

Դեռ 2016-ի տարեվերջին կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ներկայացրեց «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն արժանացավ կառավարության հավանությանը: Ըստ այդմ` նախատեսվումէ  ունենալ ճարտարապետների պալատ:

Ըստ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի`  ճարտարապետների պալատն ինքնակառավարվող կառույց է լինելու, և մենք պետք է «տեր կանգնենք» ճարտարապետներին, պաշտպանենք նրանց իրավունքները, բայց, միևնույն ժամանակ, պետք է պարտավորեցնենք, որ պահպանեն քաղաքաշինության բոլոր կանոնները, ինչը մեծ հնարավորություն կտա, որ ապագայում մեծ սխալներ թույլ չտանք: Օրենքը նաև հնարավորություն կընձեռի դիմակայելու կառուցապատողների ցանկություններին, քանի որ նախագծերը կյանքի կոչվելուց առաջ դրանք պետք է քննարկման դրվեն

Yerkir.am հետ զրույցում Մինասյանը նշեց, որ կառավորությունն ընդունել է նախագիծը և այն արդեն իսկ ներկայացվել է ԱԺ:

«Այս ընթացքում, սակայն, մենք աշխատում ենք, քանի որ դրան պետք է հաջորդի այն, որ պետք է կանոնադրություն գրվի, հանձնաժողովներ պետք է ձևավորվեն: Հիմա զուգահեռ այդ հարցերն ենք լուծում, որպեսզի հետո ժամանակի մեջ կարողանանք տեղավորվել»,-ասաց Մինասյանը:

Նա նշեց նաև, որ ճարտարապետների մեծ մասը դրական է տրամադրված, չնայած, բնական է, որ կլինեն նաև մարդիկ, ովքեր դեմ կլինեն նախագծին.«Բայց, այնուամենայնիվ, մեծ մասը հասկանում է` ամբողջ աշխարհն է  այս ձևաչափով աշխատում` մենք էլ չպետք է առանձնանանք: Բացի այդ, սա կյանքի թելադրանքն է` մենք` ճարտարապետներս, ինքներս պետք է կազմակերպվենք ու մեր խնդիրները կարգավորենք»: