կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-07 16:07
Հասարակություն

Սպիտակի երկրաշարժից դասեր է քաղում ամբողջ աշխարհը. Նիկոլայ Գրիգորյան

Սպիտակի երկրաշարժից դասեր է քաղում ամբողջ աշխարհը. Նիկոլայ Գրիգորյան

1988-ի երկրաշարժից դասեր ոչ միայն մենք ենք քաղում, այլև ամբողջ աշխարհը: «Սպիտակի երկրաշարժից հետո զարգացած երկրները սկսեցին մշակել տարբեր համակարգեր, մեխանիզմներ, որպեսզի բնակչության պաշտպանությունն առավել արդյունավետ դարձնեն»,- աղետից 28 տարի անց մեր հանրապետությունում տեղի ունեցած փոփոխությունների, բնակչության պաշտպանվածության մասին խոսելով` լրագրողներին ասաց  ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, ՓԾ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը:

Նրա խոսքով` մեր երկրում հնարավոր են ուժեղ երկրաշարժեր, բնական, տեխնածին, համաճարակային, նաև սոցիալական, ահաբեկչական աղետներ, որոնց անհրաժեշտ է պատրաստ լինել: Ըստ Գրիգորյանի` այսօր բնակչության պաշտպանության համար մեր երկրում ստեղծված է մեծ, արդյունավետ գործող համակարգ: «Ամբողջ հանրապետությունում ունենք 3000 -ից ավելի պատրաստված, գրագետ գործող հրշեջ-փրկարարներ: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարներն այսօր ԻՆՍԱՌԱԳ (միջազգային որոնողա-խորհրդատվական փրկարարական ծառայություն) կազմակերպության մեջ են ընդգրկված, որում աշխարհի փրկարարների էլիտան է»,- հավելեց նա:

Գրիգորյանը նշեց, որ Սպիտակի երկրաշարժի գլխավոր դասերից մեկն այն էր, որ «սեյսմիկ վտանգ» հասկացողությունը մեր երկրում սխալ էր գնահատված: «Հաշվառված էր, որ մեզ մոտ կարող է լինել մինչև 7 բալ երկրաշարժ, սակայն փորձը ցույց տվեց  որ կարող է լինել 9 կամ 10 բալանոց երկրաշարժ: Սխալ էր գնահատված նաև սեյսմիկ ռիսկը, այսինքն` ինչ հետևանքներ կարող են լինել, և ինչպես կարելի է դա կառավարել: Այդ բոլոր խնդիրները այսօր մեր երկրում լուծված են: Մենք համագործակցում ենք համարյա բոլոր երկրների հետ` սկսած ԱՄՆ-ից, Ճապոնյայից, նաև `բոլոր միջազգային կազմակերպությունների հետ»,- ասաց նա: