կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-24 11:29
Քաղաքական

Կարեն Կարապետյանը նշեց ՀՀԿ-ին անդամակցելու 7 պատճառ

Կարեն Կարապետյանը նշեց ՀՀԿ-ին անդամակցելու 7 պատճառ

Այսօր` կառավարության նիստից առաջ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց ՀՀԿ-ին անդամակցելու իր որոշման մասին: «Այսօր դիմում եմ գրել` ՀՀԿ-ին անդամակցելու համար: Կարծում եմ` այս որոշումը շատերի համար կանխատեսելի էր և տրամաբանական, բայց ես ցանկանում եմ մեկնաբանել, թե` ինչու:

Առաջին` վարչապետի պաշտոնին ինձ հրավիրել է ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

Երկրորդ` յուրաքանչյուր կառավարություն պետք է ունենա քաղաքական հենարան, և մեր կառավարությունը եղել է առաջին հերթին ՀՀԿ կառավարությունը:

Երրորդ` եթե նույնիսկ հաշվի չառնենք առաջին երկու կետերը, ոմանց մոտ կարող է լինել տեսական հարցադրում, ինչո՞ւ չենք հիմնադրում մեկ այլ կուսակցություն, որը կլիներ մեզ համար քաղաքական հենարան: Ուղղակի դա արդարացված չէր լինի` ունենալով Արցախի հիմնահարց և երկրի անվտանգությանն ուղղված սպառնալիքներ: մենք պետք է խուսափենք հնարավոր բոլոր անկայուն գործընթացներից ու զարգացումներից:

Չորրորդ` ո՞ր կուսակցությունը կարող է լինել փոփոխությունների իրականացման քաղաքական հենարան, ըստ իս՝ ՀՀԿ-ն, քանի որ ինձ հոգեհարազատ է կուսակցության պահպանողական գաղափարախոսությունը, և այնտեղ ինձ համար ընդունելի բազմաթիվ մարդիկ կան: Չափազանց կարևոր է, որ վարչապետի պաշտոնին հրավիրվելու պահին և դրանից հետո իմ առաջ դրված հիմնական խնդիրը եղել է հետևյալը` անհրաժեշտ է շատ բան փոխել տնտեսական քաղաքական կյանքում, առավել ևս ՝ պետական կառավարման համակարգում, ինչը նշանակում է, որ փոփոխությունները պետք է սկսենք մեզանից: Այս հարցը ՀՀԿ-ում շատ հստակ է դրված, խոսակցությունները ներսում շատ բաց են ու անկեղծ, իսկ ինքնաքննադատությունը շատ դեպքերում ավելի սուր է, քան պատկերացնում են դրսից:

Հինգերորդ` վարչապետի պաշտոնը ստանձնելով` ես դարձա մասնակիցը փոփոխությունների գործընթացի` վերցնելով պատասխանատվության իմ բաժին բեռը: Հաշվի առնլով այս ամենը` ես որոշում եմ կայացրել անդամակցել ՀՀԿ-ին:

Վեցերորդ` այս նոր իրավիճակում իմ ընկերներից, համախոհներից շատերը ևս ցանկանում են միանալ այս գործընթացին՝ նոր շունչ հաղորդելով այս շարժմանը: Պարտադի՞ր է, որ ակուսակցական գործընկերներս` նախարարները, դառնան ՀՀԿ-ական, որևէ պարտադրանք չկա, դա յուրաքանչյուրի գիտակցական և գաղափարական որոշման հարցն է:

Յոթերորդ` ինչպես մյուս կուսակցությունները, ՀՀԿ-ն ևս, օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներից ելնելով, ոչ միշտ է եղել արդյունավետ, բայց, ըստ իս, ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որը, գիտակցելով երկրի անվտանգության և զարգացման համար իր պատասխանատվությունը, որոշում է կայացրել փոխվել և ունի իր մեջ այդ ներուժը»,- ՀՀԿ-ին անդամակցելու պատճառները ներկայացրեց Կարեն Կարապետյանը: