կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-22 13:00
Քաղաքական

Կարեն Կարապետյանը նշեց ապագա կառուցվածքային փոփոխությունների մասին

Կարեն Կարապետյանը նշեց ապագա կառուցվածքային փոփոխությունների մասին

Այսօր կառավարության նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը զեկուցեց հարց կառավարության կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ: Ըստ այդմ, էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվում է ներդրումների և ձեռնարկատիրության աջակցման նախարարություն:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը վերանվանվում է էներգետիկ ենթակառուցվաքների և բնական պաշարների նախարարություն: Տրանսպորտի և կապի նախարարության անվանման մեջ ավելանում է տեխնոլոգիաներ անվանումը: Քաղաքաշինության նախարարությունը ցանկից դուրս է գալիս և դառնում կոմիտե:

Վարչապետ Կարեն Կարապետյանը փորձեց բացատրել առաջարկվող փոփոխությունները, թե ինչ տրամաբանությամբ են առաջնորդվել:Նրա խոսքով՝ առաջին փուլում, քանի դեռ նոր կառավարությունը չի ներկայացրել իր ծրագիրը, կառուցվածքի փոփոխությունը համարվում է ոչ կրիտիկական, որովհետև դեռ չունենալով նպատակ , դժվար է որոշել, թե ինչպես ես հասնելու, ինչ կառուցվածքով ես հասնելու այդ նպատակներին: Էկոնոմիկայի նախարարության վերանմանման հետ կապված վարչապետը նշեց, որ ցանկացել են հատուկ շեշտադրել գործարարներին: Այդպիսով կա մի ատյան, որը գալիս է գործարարների բողոքները, առարկությունները, պահանջները, ցանկությունները և խորհուրդները լսելու: Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցման նախարարությունը լինելու է այն օղակը, որը գործարարի ձեռքից բռնած օգնելու է, որ նրա համար խոչընդոտներ չստեղծվեն:

«Ներդրողներին աջակցելու համար պետք է ունենանք ռեալ անալիզ և էկոնոմիկա: Էկոնոմիկա բառը որ չկա անվանման մեջ, դա չի նշանակում, որ այդ գործառույթը չի լինելու»,- ասաց վարչապետը: Ինչ վերաբերում է էներգետիկ ենթակառուցվաքների և բնական պաշարների նախարարությանը, ապա վարչապետի խոսքով, քննարկվում է, որ ջրային ռեսուրսները գյուղնախարարությունից տեղափոխել էներգետիկ համակարգ, որպես ծառայություն մատուցող բիզնես, որը խնդիր ունի սինխրոնիզացիայի:

«Էլեկտրաէներգիայի վաճառքի բիզնեսի մեջ, գազի վաճառքի բիզնեսի մեջ հասույթը ավելի շատ է, քան ջրի վաճառքի մեջ, որովհետև այդ համակարգում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն»,- ասաց վարչապետը: Կապի, տրանսպորտի և տեխնոլոգիաների նախարարության մասով վարչապետը նշեց, որ քանի որ էկոնոմիկայի նախարարությունը դարձնում են ունիվերսալ կառույց բոլոր գործարար աշխարհի համար, որոշվեց ՏՏ ոլորտը անջատել էկոնոմիկայի նախարարությունից և միացնել կապի և տրանսպորտի նախարարությանը:

«Կապի և տրանսպորտի նոր նախարարը բավական մոտ է ՏՏ ոլորտին: Քննարկվում է, որ ավիացիան էլ տեղափոխվի կապի, տրանսպորտի և տեխնոլոգիաների նախարարություն»,- ասաց Կարեն Կարապետյանը: Էկոնոմիկայի նախարարությունից առանձնացվելու է նաև տուրիզմը: Տուրիզմի համար ստեղծվում է կոմիտե, որի առջև կոնկրետ խնդիր է դրված լինելու, թե ամեն տարի որքան տուրիստ պետք է ներգրավի: Կստեղծվի ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանման կոմիտե:

«Ես գիտեմ, որ մշակույթի նախարարը դա սխալ է համարում, որովհետև գտնում է, որ մշակույթի նախարարությունը այն ավելի լավ կպահպանի, քան ճարտարապետները, բայց մենք ցանկանում ենք այդ մասնագիտացված ոլորտները միացնել»,- ասաց Կարեն Կարապետյանը: