Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ անդրադարձել է այս տարվա հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ և մասնակցությամբ կայացած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպմանը և դրա ընթացքում ստորագրված ԼՂ հիմնահարցի կարգավորմանը վերաբերող եռակողմ հայտարարությանը: Հիշեցնենք, որ այդ հայտարարության մեջ նշվում էր, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատում են Վիեննայում մայիսի 16-ին կայացած հայ-ադրբեջանական գագաթաժողովի պայմանավորվածությունները` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի մթնոլորտի ստեղծմանը և որ նրանք համաձայնեցին ավելացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը և գոհունակություն հայտնեցին վերջին շրջանում շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ: Հայտարարության մեջ բացակայում էր հիշատակումը Վիեննայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասկանցությամբ կայացած Սարգսյան-Ալիև հանդիպմանը ձեռք բերված ամենակարևոր պայմանավորվածությունների՝ շփման գծի երկայնքով հրադադարի խախտման դեպքերն արձանագրող մեխանիզմների տեղակայման և միջադեպերի հետաքննության անցկացման վերաբերյալ:
Եվ ահա Զախարովան փորձել է բացատրել, թե ինչով է դա պայմանավորված եղել: «Վիեննայի գագաթաժողովում համաձայնություն էր ձեռք բերվել ամենակարճ ժամանակում ավարտել դրանց ուղղված (մեխանիզմների ներդրման-հեղ.) աշխատանքները: Սակայն հունիսին Սանկտ-Պետերբուրգի հանդիպմանը, որին մասնակցում էին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները, այդ հարցի շուրջ, ցավոք, չհաջողվեց կոնսենսուսի հասնել: Ադրբեջանական կողմը պնդեց, որ ռազմական միջադեպերի հետաքննության անհրաժեշտությունը չկա, քանի որ հակամարտության գոտում իրավիճակն այդ պահին կայուն էր: Եվ հետաքննության մեխանիզմների թեման չարտացոլվեց սանկտպետերբուրգյան հանդիպման ամփոփիչ հայտարարության մեջ: Դրան զուգահեռ մեր կարծիքով, մեխանիզմների ներդրման հարցը մնում է արդիական»-ասել է Զախարովան: Վերջինիս այս հայտարարությունը խիստ ուշագրավ է:
Նախ պետք է արձանագրել, որ ՌԴ ԱԳՆ-ն կատարում է մի շատ կարևոր շեշտադրում. Ադրբեջանը փաստացի Սանկտ-Պետերբուրգում կարողացել է օրակարգից հանել հետաքննության մեխանիզմների ներդրման՝ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունը: Ակնհայտ է, որ Զախարովայի այս հայտարարության նպատակը դրա պատասխանատվությունը Բաքվի վրա բարդելն է և ցույց տալը, որ այս հարցում ապակառուցողականություն ցուցաբերող կողմը հենց Ադրբեջանն է հանդիսանում: Սա առաջին անգամն է, որ պաշտոնական Մոսկվան անուղղակիորեն բաց տեքստով ամրագրում է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծին լարվածության մեծացման մեջ Բաքվի պատասխանատվությունը: Ըստ ամենայնի՝ դրա վրա ազդել են մի կողմից վերջին օրերին ադրբեջանական զինուժի կողմից հայկական դիրքերի անդադար արկակոծումը և կիրառվող արկերի տրամաչափի աստիճանական մեծացումը, մյուս կողմից՝ զորամասերից 60 հազար զինծառայող հանելն ու ահռելի քանակությամբ ցամաքային, ռազմաօդային տեխնիկայով շփման գծին մոտ աննախադեպ մասշտաբի զորավարժություններ անցկացնելը: Հայտարարության ենթատեքստը, թերևս, պարզ է. Ադրբեջանի այդ գործողությունների համար Մոսկվան պատասխանատվություն չի կրում, քանի որ Ադրբեջանն ինքն է Սանկտ-Պետերբուրգում հրաժարվել այդ մեխանիզմի ներդրման պարտավորությունից: Եթե ՌԴ ԱԳՆ-ն այս պահին նման ենթատեքստով հայտարարությամբ է հանդես գալիս, նշանակում է Մոսկվան տեսնում է ռազմական ինտենսիվ գործողությունների նոր բռնկման հավանականությունը: Որքան էլ, սակայն, Մոսկվայի ձգտումը հասկանալի է, այնուամենայնիվ, նա լիարժեք կրում է ներկայիս իրավիճակի պատասխանատվությունը:
Նախ՝ եթե Ռուսաստանն իսկապես ցանկանում էր ամրապնդել հրադադարը, ապա այս հայտարարությունը պետք է արվեր եթե ոչ հենց սանկտպետրբուրգյան հանդիպման շրջանակում, ապա գոնե դրանից անմիջապես հետո, երբ Բաքուն դեռ իրեն «խելոք աշակերտի» պես էր պահում ու ձեռնպահ մնում կայունության խաթարմանն ուղղված գործողություններից: Դա կլիներ համանախագահող երկրի հստակ վերաբերմունքը Վիեննայում ստանձնած պարտավորությունից Բաքվի հրաժարվելու կապակցությամբ՝ դրանից բխող հետևանքներով: Մինչդեռ Մոսկվան իրեն պահել է ջայլամի նման՝ տպավորություն ստեղծելով, թե հավատում է հրադադարը չխախտելու Ալիևի խոստմանը: Սա այն դեպքում, երբ հանդիպումը տեղի էր ունենում հենց Ալիևի նախաձեռնությամբ ապրիլին տեղի ուենցած կարճատև, բայց կատաղի և արյունալի պատերազմի պատճառով:
Երկրորդ՝ փաստացի Սանկտ-Պետերբուրգում տեղի է ունեցել Վիեննայի պայմանավորվածությունների աղճատում: 3 հիմնական պայմանավորվածությունից Բաքուն պարտավորվել է կատարել միայն մեկը: Այնքանով, որքանով մյուս երկու պարտավորությունները տեղ չեն գտել սանկտպետերբուրգյան հայտարարության մեջ, որը ստորագրել է նաև Իլհամ Ալիևը, Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում հայտարարելու, որ Վիեննայում որևէ պարտավորություն չի ստանձնել, ինչի մասին ընդամենը մեկ շաբաթ առաջ շատ բաց տեքստով ու համանախագահների, Երևանի լուռ հայացքի ներքո հայտարարեց Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը: Վերջինիս այդ հայտարարության իմաստն այն էր, որ Բաքուն ճանաչում է միայն այն պայմանավորվածությունները, որոնք գրավոր տեսք են ստացել և որոնց տակ կա Բաքվի ստորագրությունը: Կամա թե ակամա ստացվում է, որ սանկտպետերբուրգյան հանդիպումը Բաքուն ծառայեցրել է Վիեննայում կրած դիվանագիտական պարտությունը սրբագրելու համար, կամ այդ հանդիպումն ինքնին հենց դրա համար էլ կազմակերպվել էր: Եվ այստեղից հարց է առաջանում՝ այդ սրբագրումը Բաքուն կատարել է՝ որովհետև ՌԴ-ն ևս շահագրգռված է եղել Վիեննայի պայմանավորվածությունների «չեզոքացմա՞մբ», թե՞ որովհետև ՌԴ նախագահին ուղղակի չի հաջողվել Ալիևին դրդել կամ ստիպել հայտարարության մեջ ներառելու մյուս երկու մեխանիզմները: Եթե գործ ունենք երկրորդ դեպքի հետ, ապա պետք է խոստովանել, որ գուցե եթե չլիներ սանկտպետերբուրգյան հանդիպումը և ստորագրված հայտարարությունը, Բաքուն ընդհանրապես բոլոր պայմանավորվածությունները հերքեր: Չնայած մյուս կողմից ակնհայտ է, որ Բաքուն խորապես թքած ունի բոլոր պարտավորությունների վրա, անկախ նրանից՝ դրանք ստորագրե՞լ է, թե՞ համաձանություն տվել բանավոր՝ ջենթլմենավարի:
Անկախ դրանից՝ եթե Մոսկվան գոնե հիմա բացում է փակագծերը, ուրեմն պետք է այս գիծը շարունակություն ունենա: Մոսկվան, որպես համանախագահող երկիր, պետք է պարզ հայտարարի, որ իրավիճակի հետագա սրման ամբողջ պատասխանատվությունը կրելու է Բաքուն: Հակառակ դեպքում՝ Զախարովայի հայտարարությունն ընդամենն ընկալվելու է որպես Մոսկվայի կողմից ձեռքերը լվանալու և սեփական պատասխանատվությունը «ջրելու» անհաջող ակտ:
Գևորգ Դարբինյան