|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով կառավարության ներկայացրած այն նախագծին, որով նախատեսվում է, որ բոլոր աշխատող քաղաքացիները 1000-ական դրամ են հատկացնելու հիմնադրամին, որը կոչված է լինելու մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ վիրավորված զինծառայողների ընտանիքների անդամներին դրամական օգնություն ցույց տալ, ի դեպ, hամակարգը նախատեսված է ներդնել 2017թ. հունվարի 28-ից հետո առաջացող դեպքերի համար, նշեց, որ ի սկզբանե այս գաղափարը իսկապես դրական է, բայց մոտեցման ձևերն են սխալ:
Ըստ պատգամավորի` հանրության հետ պետք է քննարկվեր այս նախագիծը: «Պետք է գնային դուռ առ դուռ` հանրության հետ քննարկեին մոտեցումը, որ որևէ մեկի մոտ կասկած չլիներ, թե այն ի՞նչ է իրենից ներկայացնելու, ոնց է մոտեցումը ձևավորվելու, ինչի՞ համար է, ո՞նց է վերահսկողությունը, թափանցիկությունը ապահովվելու, որպեսզի մարդիկ կասկած չունենային այս նախագծի նկատմամվ: Մյուս կողմից` պետք է լինի բյուջետային գաղափարը, երբ պետք է գնալ և բացատրել, որ վիճակն այսպիսին է, հարկերը պետք է բարձրացնենք, և այս հարկի տվյալ գումարը գնալու է այս խնդրին»,- ասաց պատգամավորը:
Պողոսյանի խոսքով` որպեսզի հանրության վստահությունը բարձրանա, պետք է նախկինում եղած մեր բոլոր հիմնադրամների բացասական փորձերը շտկվեն: «Մինչ այս գործող հիմնադրամների միջոցների վատման մեջ մեղավորները` բոլորը, պետք է պատժվեին և եղած նախկին կոռուպցիոն ռիսկերի փորձն ու վատնված գումարները հետ վերադարձվեին, և հենց այդ միջոցները գուցե հիմք դառնային այս հիմնադրամի համար` որպես մայր գումար, որի վրա մենք դրանից հետո կվճարեինք մեր հազար դրամները»,- ասաց նա:
Պատգամավորի կարծիքով` դաս չենք քաղել նախկինում արած մեր սխալներից: «Ամբողջ աշխարհում գոյություն ունի կուտակային կենսաթոշակային համակարգ: Մենք այնպես արեցինք, որ բոլորը դեմ էին մեզ մոտ: Ամբողջ աշխարհում գնում է ճանապարհային ոստիկանության ինչ-որ խնդիրներ լուծելու համար էլեկտրոնային համակարգերի ներդրում` արագաչափներ, տեսախցիկներ, նույն` կարմիր գծերի խնդիրը, ամբողջ աշխարհը օգտվում է այս մեխանիզմներից, բայց մենք այնպես ենք անում, որ ամեն ինչ վատ է լինում: Մենք ունենք մեկ միասնական հիմնադրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամը, որը Հայաստանում որոշ խնդիրներ լուծելու համար է նախատեսված, բայց այնպիսի սխալներ ունենք նախկինում թույլ տված, որ ամեն անգամ գումարները հավաքագրելուց դառնում է մի մեծ խնդիր, և չկա վստահության աստիճան»,- ասաց Պողոսյանը, ապա հավելեց. «Նույն բանակը ուներ «Մարտիկ» հիմնադրամը և այլ տարբեր տեսակի հիմնադրամներ, որոնց աշխատանքը վստահության դաշտ չի ձևավորել հանրության մոտ, որ այս եղած գաղափարը շատ ավելի հանգիստ ընդունվեր»:
Պատգամավորի խոսքով` հարցն այն չէ` պե՞տք է այս հիմնադրամը, թե ո՞չ: Ըստ նրա` եթե կարիքներ ունենք, ուրեմն պետք է, ու անելու ենք, բայց անելիս պետք է ամեն ինչ այնքան ճիշտ արվի, որ չվերածվի այն գաղափարի, թե 1000 դրամը հայրենասիրության չափանիշ է:
«Երբ ապրիլին պետք էր, մարդիկ ոչ միայն հազար դրամ էին դնում, այլ շատ ավելի, իրենց սեփական կյանքն էին դնում: Եվ հիմա գալիս են ու այդ նույն մարդկանց, որոնց ժամանակին ոչ ճիշտ վերաբերմունք են ցույց տվել, փորձում են մի հատ էլ ճնշել` ասելով` 1000 դրամն ի՞նչ է, հայրենասեր չե՞ք: Սա ավելի է ջարդում այս գաղափարը, չի կարելի այս ձևով խոսել»,- շեշտեց մեր զրուցակիցը:
Պողոսյանն ընդգծեց, որ ի սկզբանե շատ սխալ մոտեցմամբ են ամեն ինչ զարգացրել, և որ մենք պետք է հասկանանք, որ ցանկացած գաղափար մեսիջ է, պետք է հասկանանք, որ մեր պատերազմը դեռ չի ավարտվել: «Ոչ թե նախարարները և Սերժ Սարգսյանը պետք է նստեին, իրար հետ 16 րոպեանոց ռեպորտաժով սա ներկայացնեին, այլ պետք է բոլորի հետ քննարկեին, ցույց տային, որ ամեն ինչ թափանցիկ է արվում: Ցույց տային, որ իշխանությունն իսկապես կոռուպցիայի դեմ է պայքարում, որ անպատժելիության մթնոլորտն է վերացնում, որ չկա գաղափար, որ կարելի է հանցագործություն անել և չբռնվել, խուսափել պատժից: Սրանով հասարակական վստահություն կշահեին»,- ասաց նա:
Պատգամավորին մտահոգում է նաև այն, որ ասում են` հունվարի 28-ից հետո առաջացող դեպքերի համար է ուժ ունենալու օրենքը, «Բա նախկիններին ի՞նչ են անելու, ասելու են` դուք մեզ չե՞ք հետաքրքրում: Հայաստանում չունենք մի ընտանիք, որը չունենա նմանատիպ իրավիճակում գտնվող որևէ ազգակից, ո՞նց ենք այդ մարդկանց համոզելու, որ` դու ունես վիրավոր կամ զոհված զինվոր, բայց դա հեչ, հիմա որ նորը լինի, ուրիշ ձև կլինի: Չի կարելի լավ մոտեցումներով գաղափարներն այսպես պրիմիտիվ ներկայացնել: Երկու օր է` ամբողջ ազգը սրանից է խոսում ու քննադատում»,- նշեց մեր զրուցակիցը:
Ըստ Պողոսյանի` մեր պատերազմը չի ավարտվել, և այս վիճակը շարունակվելու է` մինչև Ադրբեջանի իշխանությունների համար ադրբեջանցի զինվորի հանդեպ սերը չլինի ավելի բարձր, քան ատելությունը դեպի հայ զինվորը: «Մենք պետք է լավ գիտակցենք, որ մեր պատերազմը դեռ գնալու է, և սա է մեր խնդիրը: Մենք վաղը չէ մյուս օրը լուծված խնդիր չենք ունենալու, իսկ եթե դու պատերազմում ես, դեպքեր միշտ կարող են լինել, կարող են լինել` դիվերսիաներ, ապրիլյան դեպքերի կրկնություններ… Ի՞նչ պետք է անենք, պետք է պատրաստ լինենք, ավելի հզոր լինենք: Որ պահին Ադրբեջանը զգա մեր թուլությունը, այս դեպքերը կկրկնվեն: Պատերազմ չի լինի այն ժամանակը, երբ մենք լինենք ավելի հզոր և միշտ կկարողանանք պարտադրել խաղաղություն»,- եզրափակեց մեր զրուցակիցը: