Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մամուլից տեղեկացա, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջապես ստորագրել է նախորդ շաբաթ օրվանից իմ ներկայացրած հրաժարականի պահանջը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի արդեն նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը. հայտնում է Yerkir.am-ը։
Նա, մասնավորապես, նշել է. «Չգիտեմ, թե ինչու էր աշխատանքից ազատվելս հիմնավորել օրենսդրության ոչինչ չասող հոդվածով: Երբ կարելի էր ընդամենը գրել` «սեփական դիմումի համաձայն»:
Իսկ աշխատանքից ազատվելու իմ որոշման հիմքերը հանդիսանում են Քաղաքացիական Ավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ եւ ապապետական մոտեցումները:
Նախորդ Շաբաթ օրը` ապրիլի 4-ին ես վարչապետին գրել եմ իմ վերջին զեկույցը, որտեղ հերթական եւ վերջին անգամ բացատրել եմ`
- հայկական քաղավիացիայի ԻՐԱԿԱՆ իրավիճակը, առանց ստերի եւ իրականության աղավաղման;
- հերթական անգամ պարզաբանել եմ այս վիճակում հայտնվելու իրական պատճառները;
- եւ նշել եմ այս ճգնաժամից դուրս գալու ուղիները:
Զեկույցում առաջարկել եմ թույլ տալ վերջապես գրագետ, կազմակերպված, եւ երկիրն ու ոլորտը սիրող, անվարձահատույց աշխատանքի պատրաստ, իրական մասնագետների թիմի հետ լծվել իրավիճակի շտկմանը:
Հակառակ դեպքում ընդունել իմ հրաժարականը:
Համաձայն օրենքի, հրաժարականիս պաշտոնական գրավոր դիմումը ներկայացրել եմ երկուշաբթի, ապրիլի 6-ին:
Պաշտոնից հրաժարվելը իմ որոշումն է: Եվ, ինչպես գրել եմ հրաժարականիս պահանջում, ես հրաժարվում եմ տաքուկ տեղ գտած, անհաղորդ խորհուրդներով «խորհրդականի» անպիտան կարգավիճակից:
Օրերս մամլո ասուլիսով կպարզաբանեմ մանրամասները»:
Հիշեցնենք՝ այսօր Հակոբ Ճաղարյանն ազատվել է ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից: Նա վարչապետի խորհրդականի պաշտոնում նշանակվել էր 2019 թվականի մարտի 19-ին։
Հավելենք, որ օրերս Հակոբ Ճաղարյանը Lragir.am-ին տված հարցազրույցում անդրադառնալով տարածված տեղեկությանը, թե Միջազգային ավիացիոն կազմակերպությունը Հայաստանի Քաղավիացիայի պետական կոմիտեին զրկել է լիցենզիայից, պարզաբանել էր, որ Հայաստանի ավիացիոն իշխանությունները ունեն խնդիրներ. «Ես այս պահին իրավունք չունեմ բացելու խնդիրների ամբողջ ծավալը։ Ես երկրի ղեկավարին համապատասխան զեկույցը ներկայացրել եմ։ Թե ինչ կարվի հետագայում, դա արդեն երկրի ղեկավարի որոշումն է։ Հայաստանն իրականում ունի բազմաթիվ անհամապատասխանություններ, եւ այդ անհամապատասխանությունները կարգավորվելու կարիք ունեն»,- նշել էր նա: