|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն, նախագահի խորհրդական Թևան Պողոսյանին այնքան էլ չեն գոհացրել խորհրդարան անցած քաղաքական միավորների` քարոզարշավի ժամանակ արած հայտարարություններն Արցախի հարցի վերաբերյալ: «Ասել, որ դրանք ինձ բավարարել են, սխալ կլինի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:
Ըստ Պողոսյանի` ժամանակը քիչ էր մոտեցումները ներկայացնելու համար, ծրագրերում էլ հստակ չի գրված: «Ընկալելի է միայն իշխող կուսակցությունը. այնպիսի մոտեցում է ներկայացրել, որ կարողանա նաև միջազգային հանրությունում բանակցությունները վարելու համար դաշտեր ապահովել: Մնացած երկու կուսակցություններն էլ նույն ձև են վարվել: Թերևս միակ տարբերվող մոտեցումը եղել է ընդամենը մեկինը`(ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան. խմբ.) Արցախի հարցը մենք լուծել ենք, մնում է տեր կանգնենք»,- ասաց նա:
Պողոսյանի խոսքով` մեկ անգամ չէ, որ ասել է` կցանկանար, որ Արցախի հարցին միշտ ավելի լուրջ վերաբերվեինք: «Կցանկանայի, որ Հայաստանի բոլոր այն քաղաքական միավորումները, որոնք ցանկանում են մասնակցել ընտրություններին, նաև այցելեին Արցախ ու այնտեղ քննարկեին իրենց մոտեցումները, որովհետև, իսկապես, բոլորս պետք է գիտակցենք, որ Արցախը որևէ մեկի գրպանում դրված չէ, որ մեկը վերցնի ասի` այս մի բանը կտամ կամ այն մի բանը կվերցնեմ: Ամբողջ ազգով ենք որոշել: Այսօր երբ հանրաքվե ենք ասում, պետք է նաև հասկանանք, թե որ մի կետում ենք ասել»,- նշեց նա:
Ըստ Պողոսյանի` Արցախի հարցը և ապահովությունը կախված են լինելու ամբողջ հայությունից: «Հայություն ասելով` նկատի ունեմ և' Սփյուռքը, և' Արցախը, և' Հայաստանի Հանրապետությունը: Թե դա տեխնիկական ինչ մեխանիզմով կլինի, մի կողմ եմ դնում, ես ավելի շատ հասկանում եմ, որ դա տեխնիկական մեխանիզմներով չէ, ավելի կարևոր է ընկալումը: Մեր միասնականությունից է կախված, թե կկարողանա՞նք տեր կանգնել և մեր ուզած հայանպաստ լուծումը բերել, թե՞ ոչ: Ցանկացած պարագայում, եթե միասնական չլինենք, լուծումներն էլ չեն լինելու այնպիսին, ինչ ինքներս ենք երազում: Դրա համար չպետք է շտապել, պետք է գիտակցել այն դժվար ճանապարհը, որով պետք է անցնենք, բայց երբևէ թևաթափ չլինենք ու մեր միասնականությամբ կյանքի կոչենք այն լուծումը, որը համարելու ենք մերըէ, որը համարելու ենք` սա է, որը հայկական կողմը պատրաստ է լինելու կյանքի կոչել»,- եզրափակեց նա: