|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բելառուսական Գրոդնո քաղաքում ԵՏՄ երկրների վարչապետերի հանդիպման ժամանակ առաջարկել է ռազմավարական ապրանքների առևտրում անցում կատարել ռուբլիով հաշվարկին՝ հրաժարվելով դոլարից կախվածությունից։
Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ անցումը ռուբլիին մեզ համար` որպես փոքր տնտեսություն ունեցող երկրի, ինչ-որ առումով դրական է, սակայն քիչ չէ նաև ռիսկի գործոնը:
«Ճիշտն ասած` պոզիտիվ եմ գնահատում, սակայն կան ռիսկեր, որոնք վերաբերում են Եվրամիության հետ մեր հարցերը կարգավորելուն, իրար համակցելուն: Այսինքն` փաստորեն, մենք երկու վճարահաշվարկային համակարգ ենք ունենալու`Եվրամիության և մյուս երկրների հետ»,- ասաց Մելքումյանը:
Ըստ նրա` էներգակիրների, գազի մասով իսկապես ձեռնտու է, սակայն պետք է հասկանանք, թե արտահանումների մասով ինչպիսի՞ ռիսկեր կունենանք: «Պոզիտիվ եմ գնահատում այն մասով, որ եթե մեզ մոտ տրանֆերտները քչանում են` դոլարային արտահայտությամբ, ապա ընդհանուր արժույթի անցնելու պարագայում ռիսկը կարող է մեղմացվել և կախված չլինել արտարժույթի տատանումից»,- ասաց պատգամավորը:
Մելքումյանի խոսքով` այս գործընթացն արագ կարգավորվող չէ: «Պետք է կարողանանք ճիշտ ռիսկերը հաշվարկել, գնահատել այդ ամեն ինչը: Մեկ-երկու օրվա, մեկ ամսվա գործընթաց չէ սա, պետք է ամեն ինչ կշռադատել»,- նշեց նա: