Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միամիտ ու սխալ է կարծել, թե հանձնելով Ադրբեջանի պահանջած ամեն ինչը անվտանգություն կբերի, հակառակը՝ ավելի շատ ռեսուրսն է նշանակում ավելի մեծ անվտանգություն՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
«Հայկական պետականությունների սահման ունենալ Հորադիզում, թե Կապանում՝ տարբեր բաներ են, Արցախը պահեն Հայաստանի, թե Ռուսաստանի զինված ուժերը՝ տարբեր բաներ են»,-փաստեց նա։
Ներկայում իրագործվող քաղաքականության գաղափարը, նրա վերլուծությամբ, հետևյալն է՝ սահմանը կանցկացնենք ինչ-որ տեղով ու դրանից հետո անվտանգ կապրենք, բայց Իսկանդարյանը վստահ է, որ ընդհակառակը, անվտանգ չենք ապրի, և դա ապացուցում է 1994 թ-ից մինչև հիմա եղած ամբողջ իրացվիճակը․ չէ՞ որ նույնն էր՝ ինչ-որ սահման կար, այդ սահմանին կանգնած էին հայկական զորքերը, բանակցային գործընթաց էր գնում, և անընդհատ էսկալացիա ու կրակոցներ էին հնչում, երբեմն ընդծված սրացումներ էին՝ 2016, 2020 թվականներին, էսկալացիաների քանակն ու որակը անընդհատ մեծանում էր, այնպես որ բանակցային գործընթացը Ադրբեջանը միշտ էլ կարող է համադրել ճնշման հետ և նա դա անում է։
«Ես բացարձակապես չեմ հասկանում՝ Ադրբեջանի ինչի՞ն է պետք է դադարեցնել ճնշումը, եթե նա հասնի նրան, ինչին հիմա հասնում է, նա՞ ինչ պատճառ ունի դադարեցնելու»,-ասաց քաղաքագետը։
Բանակցութունները, նրա համոզմամբ, լիովին կարելի է համադրել ռազմական գործողութուների հետ, իսկ որպեսզի դա տեղի չունենա՝ պետք է լրիվ այլ բան։
«Դե տեսեք, սահմանի Նախիջևանյան հատվածում նման բաներ տեղի չեն ունենում․ ինչո՞ւ, ի՞նչ է՝ պայմանավորվածություննե՞րն էլ այլ, ո՛չ, ուղղակի այնտեղ սահման կա, կահավորված է, զորք կա, զենք կա, համապատասխան պլաններ կան այնտեղ, կարգավորումներ, թե ինչ պետք է արվի, երբ ադրբեջանցիները մտնեն, ինչպես պետք է արձագանքել։ Այստեղ սահմանը նոր է, հասկանալի է, մեկ տարում հնարավոր չէր սարքել, բայց մեկ տարում ահագին բան կարեի էր անել և գոնե սկսել կարելի էր, չէ՞, և զրույցն էլ հիմա այլ կլիներ»,-ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը։
Եթե լիներ սուբյեկտայնություն, նրա համոզմամբ, բոլորովին այլ վիճակ կլիներ, որովհետև սուբյեկտայնությունը բանակում անդրադառնում է դիվանագիտության վրա, սուբյեկտայնությունը դիվանագիտության մեջ անդրադառնում է տնտեսության վրա, տնտեսության մեջ սուբյեկտայնությունը անդրադառնում է մյուս ոլորտների վրա․․․ և կառավարելիությունը մեծանում է՝ երբ դու ավելի շատ ռեսուրս ունես, ոչ թե քիչ։
«Գաղափարը՝ տալ ամեն ինչ և ստանալ անվտանգություն, կեղծ է, մենք գործ ունենք երկրների հետ, որոնք ունեն որոշակի պահանջմունքներ, և դրանք բոլորովին չեն սահմանափակվում նրանով, ինչ մարդիկ ասում են, դա պետք է հասկանալ»,-արձանագրեց Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նույնն էլ Արցախի դեպքում․ Հայաստանում անընդհատ ասում էին՝ մենք ապահովում ենք Արցախի անվտանգությունը և դրա վրա ծախսվում են շատ միջոցներ՝ ֆինանսական, մարդկային և այլն, և այդ պատճառով էլ վատ ենք զարգանում․ Ալեքսանդր Իսկանդարյանը հարցնում է՝ ա՛յ հիմա, երբ սահմանը Հորադիզում չէ, այլ Կապանում, հասկանալի՞ է՝ ով էր ում անվտանգությունն ապահովում, հիմա, երբ բեռնատարները չեն կարողանում նորմալ գնալ Իրան, հասկանալի՞ է՝ ով էր ում անվտանգությունն ապահովում, հիմա, երբ Կապանի օդանավակայանը չի կարողանում աշխատել, հասկանալի՞ է՝ ով էր ում անվտանգությունն ապահովում։ Սա հասկանալու համար պետք չէ լինել հայրենասեր։ Եվ այն, որ զարգացման որոշակի մակարդակի հասնելու համար պետք չէ լինել թույլ, այլ պետք է լինել ուժեղ, սա էլ դեռ այնքան էլ չեն հասկանում։
Ադրբեջանին, նրա համոզմամբ, հաջողվեց փոխել ներհայաստանյան քննարկումների թեման՝ հիմա քննարկվում է ոչ թե Արցախը, այլ Սյունիքը, սա քաղաքագետը խիստ մտահոգիչ է համարում։ Ադրբեջանը նաև խեղաթյուրեց Արցախյան կանֆլիկտի էությունը՝ ինքնորոշման համար պայքարից այն վերածելով Հայաստանի կողմից տարածքային պահանջի։ Ինչ պետք է հակադրել Ադրբեջանի այս գործելաոճին, քաղաքագետի կարծիքով՝ համապատասխան ճշգրիտ դիսկուրսներ․ սկսած միջազգային հարթակներում աշխատանքից՝ ՄԱԿ-ից մինչև Եվրոպական հարթակներ ու ԱՊՀ, վերջացրած լրագրողների, իրավապաշտպանների աշխատանքով՝ փորձելով ցույց տալ այն, ինչ կիրականում տեղի է ունենում։
Իսկ այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքը» նրա համոզմամբ, Թուրքիան ու Ադրբեջանն ամեն ինչ անելու են, որ անց կացնեն, նրանք դրան ձգտել են միշտ։
«Եթե անգամ «արահետ» կոչես՝ փաստն այն է, որ Ադրբեջանից Թուրքիա Հայաստանի միջով ճանապարհ է գնալու և այդ ճանապարհը քաղաքական ծրագիր է։ Ճիշտ չէ՛, որ դա տնտեսական պրոյեկտ է, դա քաղաքականություն է։ Ադրբեջանից դեպի Թուրքիա ճանապարհ այսօր էլ գոյություն ունի՝ այն անցնում է Իրանի տարածքով, շատ լավ ճանապարհ է, ոչ մի պրոբլեմ չունի, երկաթգիծ էլ կա Ադրբեջանից Թուրքիա՝ Բաքու-Թբիլիսի-Ախալքալակ-Կարսը, և այն փաստացի չի գործում, որովհետև ոչինչ չկա տեղափոխելու։ Այնպես որ, Հայաստանի միջով անցնող ճանապարհը քաղաքական նշանակություն ունի, ոչ թե տնտեսական»,-փաստեց Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նա աշխարհում քիչ կառավարություններ գիտի, որոնք իրար այնքան քիչ վստահեն, որքան Ռուսաստանի ու Թուրքիայի կառավարությունները։ Այնպես որ, աշխատելու տեղ քաղաքագետը տեսնում է, և պետք է աշխատել։
Աննա Բալյան
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․