Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը լրագրողներին ներկայացրեց աղքատության վերաբերյալ որոշ տվյալներ:
Նա հետազոտություններ է իրականացրել Հայաստանի գյուղերում: Գյուղացիների 50 տոկոսն ապրում է` իր ստեղծած արտադրանքը վաճառելով, կարողանում է հոգալ իր ընտանիքի ծախսերը, 25 տոկոսն ունի շուկայական տնտեսություն, մեքենա, երեք հարկանի տուն, զավակները արտասահմանում են սովորում, իսկ ահա գյուղի 25 տոկոսը աղքատ է: Եվ երբ ուսումնասիրել են գյուղի աղքատության պատճառները, պարզվել է, որ գլխավոր պատճառներից մեկը մասնագիտական անկարողությունն է, երբ գյուղացիները չգիտեն ինչ անել, որ կարողանան եկամուտ ստանալ, իսկ սովորեցնող չկա: Ըստ Ադիբեկյանի, տարրական բաներ կան, որոնց գյուղացիները տեղյակ չեն, օրինակ` փոխվում են պարարտանյութերն ու թունաքիմիկատները, գյուղացիները չգիտեն, թե ինչպես մտնել շուկա ու եկամուտ ստանալ:
«Պետք է համալիր եղանակներով գրոհ կազմակերպել աղքատության դեմ, ամոթ է, որ հայ ազգը, որը հայտնի է իր աշխատունակությամբ, լինի աղքատ, զգա իրեն աղքատ ու ընդունի իր աղքատությունը, և վերջապես` անկարող լինի դրա դեմ պայքարել»,- ասաց սոցիոլոգը` հավելելով, որ Հայաստանի 50 տոկոս աղքատների մեջ 20 տոկոսն ընչազուրկներն են:
Նա նշեց, որ եթե Գերմանիայում աղքատությունը չափելու համար գրանցվում է 475 անուն ապրանք ու ծառայություն, այլ երկրներում` 200 անուն, ապա Հայաստանում լավագույն դեպքում` 50-ից 100 անուն: Կխորանա աղքատությունը Հայաստանում, թե` ոչ, Ադիբեկյանի կարծիքով, կախված է միջազգային տնտեսական վիճակից:
«Մի գյուղում հարցում էինք անում, թե քանի անգամ են լողանում: Մարդիկ կային, որ ծիծաղում էին, որովհետև մոռացել էին, թե վերջին անգամ երբ են լողացել. տաք ջրի խնդիր ունեն»,- ասաց Ադիբեկյանը:
Հարցին, թե ի՞նչ դասակարգումներ կան Հայաստանի բնակչության համար` աղքատության չափանիշներիվ, նա պատասխանեց, որ եթե սնունդը հազիվ է բավարարում, դրանք ընչազուրկներն են, եթե սնվում են, կարող են որոշ բաներ գնել` աղքատները: Եթե մարդիկ սնվում են, հագնվում են, ունեն որոշ հնարավորություններ, դրանք ունևորներն են, և եթե կան մարդիկ, ովքեր ոչ մի բանում իրենց չեն սահմանափակում, դրանք հարուստներն են:
Ադիբեկյանը նշեց, որ Հայաստանում նվազել է հարուստների թիվը` 3-ից իջնելով մինչև 1 տոկոսի: Հայաստանի բնակչության 15 տոկոսը ունևորներ են, 33 տոկոսը` համեստ ապրող մարդիկ, 50-ը` աղքատ: «Հայաստանում ամեն օր սոված է քնում 10 ընտանիքից 2-ը»,- հայտնեց սոցիոլոգը: