Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ կառավարության նոր ծրագրի շրջանակում բնապահպանական ոլորտում սպասվող բարեփոխումներին: Նա նշեց, որ կառավարության ծրագիրը` բնապահպանության մասով ևս, կազմված է շատ կոնկրետ, շատ չափելի ցուցանիշներով: «Մենք առաջադրել ենք կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր` 6 ամսվա կտրվածքով, մեկամյա և եռամյա կտրվածքով իրականացվող ծրագրեր»,- ասաց փոխնախարարը:
Հակոբյանը կարճաժամկետ իրականացվող ծրագրերից առանձնացրեց այն, որ Սևանա լճի 52 հա ջրատարածք է մաքրվել ծառերից, իսկ ջրի մակարդակը նախորդ տարվա այս օրվա դրությամբ 26 սմ-ով ավելի է:
Փոխնախարարը նշեց, որ մի քանի կարևոր ծրագրեր իրականացվելու են դոտացիաների միջոցով, ինչի արդյունքում բյուջեի վրա ծանրաբեռնվածություն չի լինի: Մասնավորապես` վեց ամսվա ընթացքում իրականացվելու է Ախուրյանի ջրավազանի տարածքի կառավարումը, ինչը ջրային ռեսուրսներ խնայելու հնարավորություն կտա:
Ըստ Հակոբյանի` 6 ամսվա ընթացքում իրենք ԱԺ են ներկայացնելու ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման գործընթացը կանոնակարգող օրենսդրական փաթեթ: «Նախատեսել ենք 6-ամսյա ժամկետում հաստատել «Դիլիջան» ազգային պարկի կառավարման պլանը, որը թույլ կտա բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարումը դարձնել համահունչ Էկոհամակարգային մոտեցումներին»,- ասաց նա:
Հակոբյանը հայտնեց, որ կարճաժամկետ աշխատանքների շրջանակներում նախատեսում են բացել էկոզբոսաշրջության աջակցման տեղեկատվական կենտրոն, այն ստեղծվելու է բնության պետական թանգարանի հիմքի վրա:
Փոխնախարարի խոսքով` էկոլոգիական քաղաքականության օրենքի ընդունումը կհանգեցնի նորարարությունների և նոր մոտեցումների, ինչը ևս նախատեսված է իրենց ծրագրով: «2017 թվականին նախատեսել ենք ստեղծել կանաչ տնտեսության ազգային կենտրոն, որը կաջակցի բիզնեսին: Կօգտագործվեն նորագույն տեխնոլոգիաներ: Նախատեսվում է, որ կենտրոնը հետագայում նաև կիրականացնի սերտիֆիկացում»,- ասաց Հակոբյանը:
Ըստ նրա` շատ կարևոր է Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի խնայողության հարցը, որը ներառված է կառավարության` 2017 թվականին իրականացվելիք աշխատանքներում: «Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսություններում պետք է ներդրվի ավտոմատ կառավարման համակարգ, որն արդեն իսկ ունենք 3 ձկնատնտեսությունում, բայց 2017 թվականին ևս 20-ում դրվելու է այդ համակարգը: Ջրածավալի գերշահարկման դեպքում այս համակարգը թույլ կտա անմիջապես իմանալ դրա մասին և կիրառել համապատասխան պատժամիջոցներ»,- ասաց բնապահպանության նախարարի տեղակալը:
Հակոբյանի խոսքով` 2017 թվականին բնապահպանության տեսչությանը հատուկ կարգավիճակ է տրվելու, և կառավարությանը առաջարկ են ներկայացնելու, որպեսզի շրջակա միջավայրի վերահսկողությունն իրականացվի օրը 24 ժամ, շաբաթը` 7 օր:
Նա հայտնեց նաև, որ 3 տարվա կտրվածքով նախատեսել են, որ ռեկուլտիվացիոն ֆոնդի կառավարման համակարգ ներդրվի: «Հանքարդյունաբերողները համապատասխան ֆոնդում վճարումներ են իրականացնում, որպեսզի հանքերի շահագործումը դադարելու պարագայում հնարավոր լինի ռեկուլտիվացնել»,- ասաց Հակոբյանը:
Ըստ նրա` իրենք նախատեսել են 3 տարիների ընթացքում ընդլայնել բնության հատուկ պահպանվող տարածքները: «Ունենք պայմանավորվածություններ «Ջերմուկ» ազգային պարկ, «Տաթև» ազգային պարկ ստեղծելու վերաբերյալ: Խնդիր ենք դրել ընդլայնել բնության հուշարձանների քարտեզավորման և անձնագրավորման հարցերը. մենք ունենք 232 բնության հուշարձաններ, որոնցից, ցավոք, 29-ն են քարտեզագրված և անձնագրավորված: Առաջինը նախատեսել ենք, որ կիրականացնենք Գառնիի «Քարերի երգեհոն»-ի քարտեզագրումը, և դրա կառավարումը կհանձնվի «Խոսրովի անտառ» պետարգելոցին»,- հայտնեց փոխնախարարը, ապա հավելեց. «Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ` անտառների ապօրինի հատումների դեմն ենք առնելու. 2017-ին հայեցակարգն ենք մշակելու հաջորդ երկու տարիներին կյանքի կոչելու համար»:
Հակոբյանը նշեց, որ Երևան քաղաքի բուսաբանական այգու հենքի վրա նախատեսել են ստեղծել կենսաբազմազանության պահպանման և բնապահպանական կրթության ազգային կենտրոն: «Ուզում եմ նշել, որ, այս ամենը իրականացնելով, նախարարությունը շարունակելու է իր բնականոն աշխատանքները, սրանք ուղղակի թիրախավորել ենք»,- ընդգծեց նա:
Հակոբյանը անդրադարձավ նաև ՀԷԿ-երի շահագործման ընթացքում տեղի ունեցող չարաշահումներին: «Շաքիի ջրվեժի հետ կապված` մենք դիմել ենք կառավարությանը, որպեսզի թույլատրեն ստուգում իրականացնել այնտեղ: Տեղյակ ենք, որ այնտեղ խնդիրներ կան: Չենք սահմանափակվելու Շաքիի ջրվեժով, խնդիր է դրված վարչապետի կողմից` նախարարությունը իրականացնելու է բոլոր ՀԷԿ-երի մշտադիտարկում, խնդիրների վերհանում և համապատասխան առաջարկությամբ ներկայացնելու է կառավարությանը»,- ասաց նա:
Ըստ նախարարի տեղակալի` բնապահպանության նախարարությունը օպտիմալացման հանձնարարականի շրջանակներում 3 փուլերով նախատեսել է գործողություններ: «Առաջին փուլով առաջարկել ենք, որ մեր մոնիտորինգային ՊՈԱԿ-ները միանան, ինչպես նաև դրանց միանա տեղեկատվական և վերլուծական բլոկը: Սա թույլ կտա տարեկան կտրվածքով շուրջ 20 մլն խնայողություն ունենալ»,- ասաց նա:
Հարցին` բնապահպանության նախարարը մասնագիտությամբ իրավաբան է, դա չի՞ խանգարում նրան իրականացնել իր գործառույթները, Հակոբյանն արձագանքեց. «Բնապահպանության նախարարն ունի 2 մասնագիտություն` տնտեսագետ է և իրավաբան: Դա միմիայն օգնում է նրա աշխատանքին: Նախարարի աշխատանքն առաջին հերթին կառավարչի աշխատանք է, քաղաքական պաշտոնը է: Թիմը շատ առողջ համագործակցում է իր նախարարի հետ, և երկու մասնագիտությունների առկայությունը շատ օգնում է: Նախարարը կարողանում է նաև խնդրի իրավական կողմերը տեսնել և խնդիրներում խորամուխ լինել 2 կողմից»: