Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ` Հայաստանի կայուն զարգացման ազգային խորհրդի հերթական նիստում քննարկվել եւ հաստատվել են 2012 թվականին Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայանալիք` ՄԱԿ-ի «Ռիո+20» համաշխարհային գագաթաժողովում Հայաստանի ներկայացնելիք առաջարկությունները:
Նիստին մասնակից բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչներն իրենց տեսակետներն են ներկայացրել Թռչկանի ջրվեժի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցման եւ Սեւանա լճին հարակից տարածքում՝ Սոթքում, ոսկու կորզման ֆաբրիկայի գործունեության վերաբերյալ:
ՀՀ բնապահպանության եւ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարները ներկայացրել են «համապատասխան» փաստարկներ, որից հետո վարչապետ Սարգսյանը հանձնարարել է վերջիններիս՝ բնապահպանների հետ քննարկել բարձրացված հարցերն ու ներկայացվող առաջարկությունները:
Yerkir.am-ի հավաստի տեղեկություններով, երբ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը խոսել է Թռչկանի ջրվեժի մասին, ասել է. «Թռչկանը բնության հուշարձան է: Հայաստանում հատուկ պահպանվող տարածքները երեք ձեւի են, իսկ Թռչկանը բնության հուշարձան է, որը հատուկ պահպանվող տարածք չէ»:
Զարմանալի է, բայց փաստ, որ անգամ բնապահպանության նախարարն այսքան ժամանակ չգիտի, որ բնության հատուկ պահպանվող տարածքները ոչ թե երեք, այլ չորս կատեգորիայի են՝ ազգային պարկեր, պետական արգելոցներ, պետական արգելավայրեր եւ բնության հուշարձաններ. «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենք, Հոդված 4: Սա, ի միջի այլոց, հատուկ նախարարի համար:
Բնապահպանների այն հորդորին, թե նախարարի փոխարեն կարող է պարզաբանել նախարարության մեկ այլ պաշտոնյա, վարչապետը միջամտել է եւ ասել. «Իրավական ձեւակերպումները եկեք չքննարկենք»: