Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը չի համարում, որ նախօրեին ԱԺ-ում պատգամավորներն իրեն ճնշել են: Ըստ նրա` դրանք աշխատանքային հարաբերություններ են, ինքը շարունակում է շատ լավ աշխատանքային հարաբերությունները պատգամավորների հետ:
Հիշեցնենք¸ որ երկու օր առաջ «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի բուռն քննարկման եզրափակիչ փուլում պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Արփինե Հովհաննիսյանն իրենց ելույթներում կոչ արեցին նախարարին` պատասխանել իրենց հարցերին, այլ ոչ թե ասել, թե ով ինչ հարց տալու իրավունք ունի: Նախարարը պատասխանել էր. «Ասում եք՝ մեր տուն ես եկել, քեզ խելոք պահի: Բայց ի՞նչ եմ արել, չարություն եմ արե՞լ»:
Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ընթանում էր նորմալ աշխատանքային պրոցես: Ինչ վերաբերում է «չարություն անելուն», ասաց, որ իր հարցն ավելի շատ հռետորական էր, և ինքը փորձել է պարզաբանում տալ: Նախարարի խոսքով` ամեն ինչ նորմալ է, և դրա վառ ապացույցը օրենքի առաջին և երկրորդ ընթերցումներն էին, որոնցով նախաձեռնությունն ընդունվեց:
«Ես անկեղծորեն խոստովանեցի ու ասացի, որ ես ոչ մի նպատակ չեմ ունեցել որևէ մեկին կշտամբելու, նեղացնելու: Միգուցե ներկայացնելու կամ խոսելու ձևն էր պատճառը, ինչևէ, յուրաքանչյուր մարդ իր մոտեցումն ունի, չեն կարող բոլորը միանման մտածել: Բայց դա բացարձակ նստվածք չի տվել, ես նեղացած չեմ»,- ասաց նախարարը:
Հարցին` ինչպե՞ս կմեկնաբանի Էդմոն Մարուքյանի դիտողությունը, թե` «Դուք ձեր տանը չեք, ուստի պահպանեք ԱԺ կանոնակարգ- օրենքը», նախարարը պատասխանեց. «Սա Ազգային ժողով է, սա որևիցե մեկի սեփականությունը չի»: