կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-24 14:17
Քաղաքական

Կառավարությանը մոտ շատ գործարարներ Թուրքիայի հետ լավ էլ համագործակցում են․ Մանասերյանը՝ թուրքական ապրանքների ներմուծման արգելքը ևս 6 ամսով երկարաձգելու մասին

Կառավարությանը մոտ շատ գործարարներ Թուրքիայի հետ լավ էլ համագործակցում են․ Մանասերյանը՝ թուրքական ապրանքների ներմուծման արգելքը ևս 6 ամսով երկարաձգելու մասին

Թուրքիայի հետ թշնամանքը վերանայելու դիրքորոշում հայտնած ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում որոշում ընդունեց ևս 6 ամսով երկարաձգել Հայաստան թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը:

Սա արդեն երկրորդ երկարաձգումն է․ սրանից առաջ 6 ամիս արգելված էր Թուրքիայից ապրանք բերել մեր երկիր։

Առաջիկայում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմանները բացելու և թուրքական 6 միլիարդ դոլորի ներդրում բերելու հնարավոր ծրագիր ունեցող փաշինյանական կառավարությունն ինչո՞ւ է այս փուլում արգելում թուրքական ապրանք ներմուծել՝ անհասկանալի է տնտեսագետների համար։

«Այդ հարցին չեմ կարծում, որ Սողոմոն Իմաստունն անգամ կարող է պատասխանել»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։

Նա խորհուրդ տվեց այս հարցն ուղղել այն խեղկատակներին, որոնց այսօրվա խոսքը վաղվա հետ չի համընկնում, կամ մեկ ժամ առաջվա ասածը մեկ ժամ հետոյի հետ որևէ տրամաբանական կապ չունի։

Արդյո՞ք որևէ նպատակի ծառայել է նախորդ 6-ամսյա արգելքը, որպեսզի նպատակահարմար լինի երկարաձգել՝ հարցին, տնտեսագետը միանշանակ պատասխան ունի՝ ոչ։

«Իհարկե ոչ, այս ամիսների ընթացքում կառավարությունը զբաղված է եղել բոլորովին այլ հարցերով՝ ինքն իրեն վերարտադրելով։ Իսկ տնտեսության ոլորտում անբան և անհասկացող ոչ պրոֆեսիոնալ, տնտեսագիտությունից հեռու, տնտեսագիտական տարրական կրթություն չունեցող մարդիկ են՝ սկսած էկոնոմիկայի նախարարից, վերջացրած ՊԵԿ նախագահով»,-ասաց Թաթուլ Մանասերյանը։

Նրա դիտարկմամբ՝ այս պատճառով էլ  պարապուրդի մատնված, բայց պարգևավճարներ ստացող մեր կառավարությունից այլ բան չէր կարելի ակնկալել։

«Իրենք, եթե իսկապես մտահոգ լինեին այդ հարցը կարգավորելով, ապա 6 ամիսների ընթացքում նրանց համար, ովքեր այդ առևտրում ներգրավված են,  քիչ թե շատ նորմալ պայմաններ կստեղծեին, բացի Թուրքիայից ներմուծելուց՝ այլ աղբյուրներ ցույց կտային․ նաև կան այլ երկրներ՝ Չինաստան, Հնդկաստան, Իրան, Վիետնամ, որտեղից կարելի է ներկրել»,-ասաց տնտեսագետը։

Մյուս ուղղությունն, ըստ նրա, այն է, որ կառավարությունը պարտավոր է մտածել տեղական արտադրության մասին։

«Կա այդպիսի հասկացություն, որ արդեն երկար տարիներ Հայաստան պետությունը որդեգրել է, բայց չի անում, դա «ներմուծման փոխարինման» քաղաքականություն է կոչվում։ Այդ քաղաքականության մեջ հարյուրավոր տեսակի ապրանքներ, որ ներկրվում են Թուրքիայից դրանց մեջ կարելի է նախատեսել տեղական արտադրության գոնե 5-10 ապրանք»,-ասաց նա։

Երրորդ ուղղությունն, ըստ նրա, այն է, որ այսօր էլ աչքակապությամբ է  զբաղվում կառավարությունը․ ինքը շատ լավ տեղյակ է, և կառավարության մոտ կանգնած շատ գործարարներ Թուրքիայի հետ լավ էլ համագործակցում են ու զբաղված են մաքսանենգությամբ։

«Թուրքիայից բերում են, ռելեյբլինգ են անում, պիտակելով՝ իբրև թե այլ երկրի ծագում ունեցող ապրանքների անվան տակ մտցնում են Հայաստան․ ոչ միայն թուրքական, այլև ադրբեջանական, «Հայնեկենը» ձեզ վառ ապացույց, և ոչ միայն դա, բազմաթիվ այլ ապրանքանիշներ կան»,-ասաց Թաթուլ Մանասերյանը։

Աննա Բալյան