կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-03 18:07
Հասարակություն

«Պոբեդա»-ն անլուրջ ավիաընկերություն է. վերլուծաբան

«Պոբեդա»-ն անլուրջ ավիաընկերություն է. վերլուծաբան

«Պոբեդա»-ն անլուրջ ավիաընկերություն է. Yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Regnum գործակալության տնտեսական մեկնաբան Ռուբեն Գրդզելյանը՝ անդրադառնալով ռուսական լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվությանը, թե ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը չեղարկել է դեպի Երևան չվերթերը` «Զվարթնոց» օդանավակայանում թանկ սպասարկման պատճառով: Ավիաընկերության աղբյուրը պարզաբանել է, որ յուրաքանչյուր ուղևորի սպասարկման գումարը «Զվարթնոց»-ում կազմում է 50 եվրո, ինչն ավելի բարձր է, քան իրենց տոմսերի սակագինը:

Հիշեցնենք, որ ընկերությունը Դոնի Ռոստովից Երևան եւ հակառակ ուղղությամբ չվերթեր իրականացնելու թույլտվություն էր ստացել դեռևս հուլիսին:

«Պոբեդա»-ն պատճառաբանում է, թե «Զվարթնոց»-ը թանկ է, սակայն մի շարք ռուսական ավիաընկերություններ մինչ օրս հաջող թռիչքներ են իրականացնում «Զվարթնոց»-ով, չեն դժգոհում մրցակցությունից և պայմաններից: Իսկ «Պոբեդա»-ն դեռևս թռիքներ չի իրականացրել, որպեսզի տեսնի` իր մոտ ստացվո՞ւմ է, թե՞ ոչ»,- ասաց Գրդզելյանը՝ հավելելով, որ  այս հայտարարությունը կարող է ազդել ավիաընկերության վարկանիշի վրա և խոսում է նրա անլրջության մասին:

Դիտարկմանը` արդյո՞ք «Զվարթնոց»-ի առաջարկած պայմաններն այդքան «ծանր» են նոր փոխադրողների համար, Գրդզելյանն ասաց. «Զվարթնոց»-ի սպասարկման գինը, փաստացի համեմատելով նմանատիպ այլ օդանավակայանների հետ (օրինակ` մայրաքաղաքային գլխավոր օդանավակայանների), ընդհանրապես «ծանր» չեն: Եթե համադրենք ուղևորների փոխադրման թիվը, բնական է` ծավալներն այլ են: Իսկ եթե համեմատենք եվրոպական համադրելի օդանավակայանների կամ տարածաշրջանում գործող` Թբիլիսիի կամ Բաքվի օդանավակայանների հետ, «Զվարթնոց»-ի գներն այնքան էլ թանկ չեն»:

Անդրադառնալով «Պոբեդա» ավիաընկերության կողմից «Շիրակ» օդանավակայանից 10.000 դրամից սկսած թռիչքներ իրականացնելու մտադրությանը` նա ասաց. «Գյումրու «Շիրակ»-ը «Զվարթնոց»-ից տարբերվում է նրանով, որ այնտեղ պետտուրք չկա, բացի այդ` պետությունն էլ իր հերթին է շահագրգռված «Շիրակ» օդանավակայանից թռիչքներ իրականացնելու հարցում, քանի որ մի քանի ամիս է, ինչ թռիչքներ չկան»:

Անդրադառնալով քաղավիացիայի պետի այն հայտարարությանը, թե «Պոբեդա» ավիաընկերության կողմից 10000 դրամով դեպի Մոսկվա թռիչքների իրականացումը նախադեպ պետք է դառնա, Գրդզելյանն արձագանքեց. «Նախադեպ կարող է լինել, երբ թռիչքներն իրականացվեն, այսինքն` փաստացի ինչ-որ բան լինի, իսկ հայտարարել, որ էժան թռիչքներ են պատրաստվում անել, յուրաքանչյուրը կարող է անել»:

Ըստ նրա՝ արժեր սպասել`«Պոբեդա»-ն «Շիրակ» օդանավակայանից թռիչքներ իրականացներ, տեսներ հասարակության արձագանքը, հետո նոր որակումներ տար:

Հարցին, թե արդյո՞ք համեմատելի է Գյումրու օդանավակայանը հարևան երկրների, օրինակ` Վրաստանի երկրորդ քաղաքի՝ Քութայիսի օդանավակայանի հետ, Գրդզելյանը պատասխանեց. «Քութայիսի օդանավակայանը Վրաստանը վերածեց նվազագույն ծախսերով պահվող օդանավակայանի: Այժմ փորձ է արվում նույնը կիրառել Գյումրիում, սակայն պետք է հաշվի առնենք, որ առայժմ չենք կարող եվրոպական փոխադրողներ բերել Գյումրի, մինչդեռ Քութայիսում նման փոխադրողներ կան, քանի որ Վրաստանի հետ եվրոպական երկրներն ունեն Բաց երկնքի քաղաքականության վերաբերյալ օրենսդրական դաշտ, որը Հայաստանում, ցավոք, բացակայում է»:

Դիտարկմանը` արդյո՞ք դեռ այն կարծիքին է, որ «Պոբեդա»-ն դաշտ է մտել՝ նպատակ ունենալով շուկայից դուրս մղել «Արմենիա» ավիաընկերությանը, Գրդզելյանն արձագանքեց. «Անկեղծ ասած` այժմ մի փոքր կասկածներ ունեմ այդ առումով: «Արմենիա»-ին շուկայից դուրս մղելու փորձի համար հիմք էր տվել այն, որ «Պոբեդա»-ն ի սկզբանե թույլտվություն էր վերցրել թռիչքներ իրականացնել այն ուղղություններով, որոնցով «Արմենիա»-ն էր սկսել թռչել, բայց քանի դեռ «Պոբեդա»-ն այսպես անլուրջ է իրեն դրսևորում, գուցե նրան չհաջողվի դաշտում իրեն արդարացնել, ուր մնաց` դուրս մղել մրցակիցներին»: