Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրահանձնաժողովն այսօր թարմացրել է ԵՄ օդային անվտանգության ցուցակի՝ այն ավիաընկերությունների ցանկը, որոնք ենթակա են գործողության արգելքի կամ գործողության սահմանափակումների Եվրամիության ներսում, քանի որ դրանք չեն բավարարում անվտանգության միջազգային չափանիշերին. այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է ԵՄ պաշտոնական կայքէջից։
Հանձնաժողովը շեշտել է, որ ցանկություն ունի ապահովել օդային անվտանգության ամենաբարձր մակարդակը Եվրոպական միությունում ճանապարհորդող բոլոր ուղևորների համար:
Նշենք, որ կայքում որոշման թարմացումից հետո Հայաստանում հավաստագրված բոլոր ավիաընկերություններն ավելացվել են ցուցակում, մինչև երկրի անվտանգության վերահսկողության հնարավորությունների հետագա գնահատումը:
Բացի այդ, վերանայվել և փոփոխվել է Կոնգոյի (Բրազավիլ), Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Ղրղըզստանում, Լիբիայում, Նեպալում և Սիեռա Լեոնեում հավաստագրված ավիափոխադրողների ցուցակը, որոնցում ավելացվել են այդ երկրներից նոր փոխադրողներ:
Այս առնչությամբ Տրանսպորտի հարցերով հանձնակատար Ադինա Վուլեանը կարծիք է հայտնել. «ԵՄ օդային անվտանգության ցուցակը պետք է օգտագործվի՝ որպես գործիք, որն օգնում է ավիաընկերություններին և ցուցակագրվող երկրներին վերագնահատել և բարելավել իրենց թռիչքային չափանիշերը: Հայաստանյան փոխադրողներին այս ցանկ ներառելու որոշումը հիմնված է անանուն կարծիքի վրա, որը ներկայացրել է Օդային անվտանգության կոմիտեն։ Հանձնաժողովը, Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալության աջակցությամբ, պատրաստ է համագործակցել և ներդրումներ կատարել Հայաստանում՝ իր ավիացիոն անվտանգության բարելավման համար»:
Հաղորդագրությունում նշվում է նաև, որ ԵՄ օդային անվտանգության ցուցակը ոչ միայն օգնում է պահպանել ԵՄ-ում անվտանգության բարձր մակարդակը, այլև օգնում է տուժած ավիաընկերություններին և երկրներին բարելավել իրենց անվտանգության մակարդակը, որպեսզի վերջիններս հանվեն այդ ցուցակից: Ի հավելումն՝ ԵՄ օդային անվտանգության ցուցակը դարձել է հիմնական կանխարգելիչ մեխանիզմ, քանի որ այն դրդում է անվտանգության խնդիրներ ունեցող երկրներին՝ գործել, մինչ անհրաժեշտությունը դառնա ԵՄ օդային անվտանգության ցուցակի տակ գտնվող արգելքը:
Նշենք՝ այսօրվա թարմացումից հետո ընդհանուր առմամբ 96 ավիաընկերության մուտք արգելված է դեպի ԵՄ երկինք:
Այդ 90 ավիաընկերությունները սերտիֆիկացված են 16 պետությունում` Աֆղանստան, Անգոլա (բացառությամբ 2 ավիաընկերության), Հայաստան, Կոնգո (Բրազավիլ), Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Ջիբութի, Հասարակածային Գվինեա, Էրիթրեա, Ղրղըզստան, Լիբերիա, Լիբիա, Մոլդովա (բացառությամբ 3 ավիաընկերության), Նեպալ, Սան Տոմ և Պրինսիպեու, Սիեռա Լեոնե և Սուդան։ ԵՄ եզրակացրել է, որ այդ պետությունների ավիացիոն իշխանությունների կողմից անվտանգության նկատմամբ իրականացվում է ոչ պատշաճ վերահսկողություն։ Ավիաընկերություններից 6-ի սահմանափակումները հիմնված են այդ ընկերությունների մասով անվտանգության լուրջ թերությունների վրա՝ Avior Airlines (Venezuela), Blue Wing Airlines (Սուրինամ), Iran Aseman Airlines (Իրան), Իրաքյան ավիաուղիներ (Իրաք), Med-View Airlines (Նիգերիա) և Air Zimbabwe (Զիմբաբվե)։ Եվս երեք ավիաընկերություն ենթակա են գործառնական սահմանափակումների և կարող են թռչել ԵՄ միայն հատուկ ինքնաթիռների տեսակներով։ Խոսքը Air Service Comores (Կոմոր), Iran Air (Իրան) և Air Koryo (Հյուսիսային Կորեա) ընկերությունների մասին է։
Նշենք նաև, որ թռիչքների վերոնշյալ արգելքը վերաբերում է նաև չարթերային թռիչքներին։
Հիշեցնենք՝ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, թե հայկական ավիաընկերություններին արգելել են թռիչքներ իրականացնել դեպի Եվրոպա, քանի որ պարզել են, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն չի կարողանում պատշաճ վերահսկել թռիչքային անվտանգությունը. «Իրականում, երբ մեր ավիաընկերությունները դիմեցին, որ թռիչքներ իրականցնեն Եվրոպա, այնքան էլ պատրաստ չէին, բայց եթե մենք տեսչական ստուգումների արդյունքում բացահայտած լինեինք խնդիրները, նրանք չէին էլ դիմի դեպի Եվրոպա չվերթների համար, ճիշտ չէ, որ ավիաընկերությունը դիմի Եվրոպա, նոր հասկանան, որ մենք խնդիր ունենք։ Երբ ես հասկացա, որ խնդիրն այս է, խնդրեցի, որ վերահսկողական մարմինը գա Հայաստան, վերահսկի մեր բոլոր պրոցեսները, որ հասկանանք՝ բացթողումը ո՞րտեղ է եղել, քանի որ մեր գործառույթի հետ է կապված»,- ասել էր ՔԱԿ նախագահ Տաթևիկ Ռևազյանը։