կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-03 13:32
Քաղաքական

ՄԻՊ գրասենյակի աշխատակիցը չպետք է որևէ նախարարության աշխատակցից ավելի ցածր վարձատրվի. ՄԻՊ

ՄԻՊ գրասենյակի աշխատակիցը չպետք է որևէ նախարարության աշխատակցից ավելի ցածր վարձատրվի. ՄԻՊ

Ֆինանսների նախարարությանը ներկայացվել են զգալի առարկություններ, ֆինանսական հատկացումների հետ կապված` կան որոշակի անճշտություններ, որոնք արդեն ներառվելու են 2017 թվականի բյուջեի նախագծում. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը` անդրադառնալով ՀՀ բյուջեով ՄԻՊ-ին հատկացվելքի գումարներին:

«ԱԺ-ից հետո պետք է վերամշակվի, ընդամենը մի քանի ամսից, կարծում եմ, ունենալու ենք նոր օրենսդրական լուծումներ, որոնք նախատեսում են աշխատավարձի բարձրացումներ մեր աշխատակիցների համար, սոցիալական երաշխիքների բարձրացում: Կրճատումներ չեն կարող լինել: Ինչ վերաբերում է բյուջեում կատարված կրճատումներին, ապա դրա հետ կապված ներկայացված են բոլոր առարկությունները` սկսած մարզային ստորաբաժանումների աշխատանքից, վերջացրած տարբեր ծրագրերի իրականացմամբ: Պետք է ասեմ, որ դրանց բավական մասն արդեն նախագծում ներառվելու է»,- ասաց Թաթոյանը:

Նա նաև ընդգծեց, որ բոլորովին էլ համաձայն չի եղել այն հատկացումներին, որոնք առաջարկվել են: «Դուք պատկերացնո՞ւմ եք, ես այդպես ինչպե՞ս կարող էի աշխատել, հակառակը` ես, սկզբունքային առումով, բարձրացրել եմ աշխատակիցների չկրճատման հարցը և ոչ մի կրճատում չեմ արել, ասել եմ, որ չեմ էլ անելու: Գրասենյակները ևս չենք փակել, դեռ երկու մարզային ներկայացուցչություն էլ պետք է ավելացվի: Իմ սկզբունքային մոտեցումն է` ՄԻՊ աշխատակիցը չպետք է ավելի ցածր վարձատրվի, քան որևէ նախարարության, դատարանի աշխատակազմի աշխատող, բացառված է»,- շեշտեց Թաթոյանը:

Նրա խոսքով՝ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը բարդ է: «Կար ժամանակաշրջան, որ բարդ հարաբերություններ են եղել գործընկերների հետ, բայց ճնշումների խնդիր ես չունեմ»,- հավելեց ՄԻՊ-ը: