կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-03 17:08
Իրավական

Մի՛ վախեցեք ձեր իրավունքներին տեր կանգնել. նախարարության նախկին աշխատակիցը՝ դատով աշխատանքը հետ բերելու մասին

Մի՛ վախեցեք ձեր իրավունքներին տեր կանգնել. նախարարության նախկին աշխատակիցը՝ դատով աշխատանքը հետ բերելու մասին

Կոչով դիմում եմ բոլոր այն մարդկանց, որոնց իրավունքները կամ օրինական շահերը խախտվել են՝ մի՛ վախեցեք ձեր իրավունքներին տեր կանգնել և մինչև վերջ պայքարեք դրանց վերականգնման համար. Yerkir.am-ի հարցերին պատասխանելով՝ նշեց Էկոնոմիկայի նախարարի դեմ դատական հայց ներկայացրած՝ նախարարության նախկին աշխատակից Գոհար Անակչյանը:

«Մինչև այս պահը դատարանի կողմից իրականացված քայլերում ես որևէ ոչ անաչառ կամ անօրինական բան չեմ տեսել և ուզում եմ մեծապես հույս ունենալ, որ կարծիքս չի փոխվի՝ մինչև դատական ակտի կայացումը։ Մեզանից յուրաքանչյուրի իրավական պահանջատիրությունը միայն և միայն ավելի է արմատավորելու մեր երկրի իրավական բնութագիրը»,- ընդգծեց նա:

Գոհար Անակչյանը 2018 թվականի օգոստոսի 29-ից աշխատել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների (այժմ արդեն էկոնոմիկայի) նախարարությունում՝ որպես նախարարի տեղակալի օգնական։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի 13.06.2019 թ. թիվ 401-Ա հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

«Մինչև ազատման հրամանի ստորագրումը՝ իրականացվել են որոշակի քայլեր, մասնավորապես՝ պահանջվել են այս կամ այն տեսակի փաստաթղթեր, չհիմնավորված ուշացումների համար բացատրագրեր: Ըստ իս՝ բոլոր ներկայացված փաստերի համադրված ուսումնասիրությամբ հասկացել են, որ առաջին տարբերակով աշխատանքից ազատել չեն կարող, այդ իսկ պատճառով անցել են, այսպես ասած, պլան B-ին»,- պատմեց Գոհար Անակչյանը։

Իրավական հիմնավորումները, նրա խոսքով, որոնք ամրագրված են իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանի նախաբանում, մեղմ ասած, ոչինչ չասող են և, մասնագետների պնդմամբ, ակնհայտորեն ոչ վերաբերելի: «Այն բոլոր խախտումներն ու անօրինականությունները, որոնք առկա են այդ հրամանում, մանրամասնորեն շարադրված և հակափաստարկված են իմ կողմից դատարան ներկայացված հայցադիմումում։ Նախարարության կողմից ներկայացվել է հայցադիմումի պատասխան, որում որևէ կերպ համարժեք հակադրում չկա իմ կողմից բարձրաձայնված իրավական խախտումներին»,- նշեց Գոհար Անակչյանը։

Ըստ նրա՝ դատարան դիմել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի հրամանն անվավեր ճանաչելու, իրեն նախկին աշխատանքում (պաշտոնում) վերականգնելու և միջին ամսական աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, մինչև դատարանի վճռի փաստացի կատարումը, բռնագանձելու պահանջով։

էկոնոմիկայի նախարարի դեմ հարուցված քրեական գործերի մասին Yerkir.am-ի հարցերին էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը չցանկացավ պատասխանել՝ նշելով. «Հարցերը գտնվում են իրավական տիրույթում, դատարանում քննվում են համապատասխան կարգով, և էկոնոմիկայի նախարարությունն իր դիրքորոշումը հայտնում է սահմանված կարգով՝ դատարանում»: