կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-10 12:51
Իրավական

Իմ ճակատագիրը վաղը կորոշվի. կառավարության նախկին աշխատակցից տուժած կնոջ 8 հոգանոց ընտանիքին հնարավոր է դուրս հանեն տնից

Իմ ճակատագիրը վաղը կորոշվի. կառավարության նախկին աշխատակցից տուժած կնոջ 8 հոգանոց ընտանիքին հնարավոր է դուրս հանեն տնից

Սիրանույշ Չփլախյանն օրեր առաջ ԴԱՀԿ-ից ծանուցում է ստացել` մինչև այս ամսվա 12-ն ազատել տունը, հակառակ դեպքում` դա կկատարվի հարկադիր կատարողների կողմից:

 

«Ես դիմում գրեցի ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանին՝ որպես զինվորի մայր, երկու շաբաթով հետաձգել վտարման ժամկետը, քանի որ այդ խնդրով ես դատական գործ ունեմ: Երեկ զանգեցի, ասաց, որ խնդրանքս մերժվել է, գրավոր ծանուցում էլ են ուղարկել, բայց դեռ չի հասել»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Սիրանույշ Չփլախյանը:

 

Նա պատմեց նաև, որ վտարման մասին ծանուցումը կրկին  ուղարկվել է իր և արդեն վաղուց հանգուցյալ մոր անունով: Սակայն բնակարանն ազատողը միայն ինքը չէ: Այդ մեծ տան մեջ երկու ընտանիք է ապրում՝ 8 հոգուց բաղկացած, նաև` քրոջ մանկահասակ թոռնիկը:

 

Ստիպված դիմել են դատարան՝ խնդրելով սեղմ ժամկետներում նիստ անել՝ ԴԱՀԿ վտարման վարույթը կասեցնելու խնդրանքով: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նիստ է նշանակվել վաղը` ժամը 11-ին: «Իմ ճակատագիրը կորոշվի վաղը»,- ասաց տիկին Սիրանույշը:

 

Ըստ նրա` եթե տնից վտարեն, ապա այլևս չի պայքարելու ու փորձելու է հեռանալ երկրից, քանի որ այստեղ ավելի ու ավելի անապահով է զգում իրեն: «Տղայիս հարցն է միայն մնում` դեռ 8 ամիս ունի ծառայելու համար»,- ասաց նա:

 

Yerkir.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Ս. Չփլախյանն ու նրաքույրը՝ Օֆելյա Չփլախյանը, դիմել են դատարան` փողոցում չհայտնվելու և իրենց տունը վերադարձնելու համար:  Դատարան էին դիմել` շինծու գործարքի հիմքով անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագիրը անվավեր ճանաչելու և փաստացի տիրապետման հիմքով ժառանագությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջով: Հայցադիմումը վարույթ է ընդունվել, առաջին դատական նիստը նշանակվել է այս տարվա փետրվարի 19-ին: Ավելին` դատարանը, նախագահությամբ դատավոր Տաթևիկ Ստեփանյանի, բավարարել է նաև հայցվոր կողմի միջնորդությունը՝ որպես հայցի ապահովման միջոց արգելանքի տակ դնել անշարժ գույքը:

 

Քույրերի պնդմամբ` իրենք տունը կորցնելու վտանգի առաջ են կանգնել կառավարության` այժմ արդեն նախկին աշխատակից Նունե Պլուզյանի վաշխառու գործունեության հետեւանքով:

 

Իսկ  ավելի վաղ գրել էինք, որ քույրերն ամիսներ շարունակ կառավարության շենքի մոտ  բարձրաձայնում էին իրենց խնդրի մասինԻ վերջո, արձագանք եղավ` Սիրանուշ Չփլախյանին ընդունել էր կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գուրգեն Դումանյանը, խոստացել օգնել: Օրեր առաջ էլ տեղեկացանք, որ Նունե Պլուզյանին ազատել են աշխատանքից: Իսկ Չփլախյանների 8 հոգանոց ընտանիքը շարունակում է անտուն մնալու վտանգի տակ լինել:  Նրանք կրկին դիմել են վարչապետին՝ խնդրելով օգնել իրենց: