կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-20 16:41
Տարածաշրջան

ՀՀ մշակույթի նախարարին դատի է տվել նախարարության աշխատակիցը

ՀՀ մշակույթի նախարարին դատի է տվել նախարարության աշխատակիցը

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցը դատի է տվել իր գերատեսչությանը: Խնդիրն այն է, որ  նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանին մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը նկատողություն էր արել և կարգապահական տույժ կիրառել, որը, ըստ Աբրոյանի, անհիմն է: Աբրոյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ մշակույթի նախարարության, որով հայցվորը պահանջել է անվավեր ճանաչել Հասմիկ Պողոսյանի հրամանը:

Մշակույթի նախարարությանը yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել` մանրամասներին տեղեկանալու համար: Նախարարությունից տեղեկացրեցին միայն, որ սա ՀՀ մշակույթի նախարարության դեմ աշխատակցի կողմից քաղաքացիական հայց ներկայացնելու առաջին դեպքն է։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ նախարարությունը բարի կամք է դրսևորում` նորմալ երևույթ համարելով աշխատակցի բողոքը:

«Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր աշխատող իրավունք ունի դիմելու դատարան, եթե համարում է, որ խախտվել են իր իրավունքները։  Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ մշակույթի նախարարության որևէ աշխատող կարգապահական պատասխանատվության չի կարող ենթարկվել առանց իրավական հիմքերի»,- ասում են նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նշենք միայն, որ, որպես հայցի ապահովման միջոց, հայցվոր կողմը պահանջել է պատասխանողի որոշակի գործողություններ արգելել, ինչը դատարանը բավարարել է:

Դատական մեկ նիստ արդեն կայացել է, հաջորդը կլինի նոյեմբերի 14-ին: