Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խնդիրները, որոնք ձևավորված են բյուջեի ֆինանսավորման ներքո, բնականաբար, բավարար չեն, այդ պատճառով ջանքեր են գործադրվում նաև միջազգային կազմակերպություններից դոնորական աջակցություն ստանալու համար: «Ակնակալում ենք դոնորական աջակցության ծրագրերի թիվը հասցնել 40-ի»,- այսօր խորհրդարանում լրագողներին ասաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Նա կարևորեց հատուկ պահպանվող տարածքների տնտեսական ներուժի ուժեղացումն ու ունեցած հարստությունների ճիշտ օգտագործումը։ «Կարևոր է նաև եղած հարստությունների ճիշտ օգտագործումը, ինչպիսին, օրինակ, բնության հուշարձաններն են: Օրինակ՝ Քարերի սիմֆոնիան: Երկու օր առաջ արդեն համաձայնությունը ձեռք բերեցինք Կովկասի բնության հիմնադրամի հետ, որ նախատեսենք գումար բնության հուշարձանի տարածքն անձնագրավորելու, պահպանման գոտի առանձնացնելու և դրա կառավարման արդյունավետությունը մեծացնելու նպատակով։ Սա լրացուցիչ եկամուտ կապահովի սկզբնական շրջանում կառավարողին, հետագայում` նաև համայնքին»,- ասաց Մինասյանը:
Նրա գնահատմամբ՝ հատկապես կարևոր է մասնավոր սեկտորի ներգրավումը բնապահպանական խնդիրների լուծման գործում, դրանք կարող են լինել ինչպես բիզնես, այնպես էլ սոցիալական ծրագրեր։
«Որպես բիզնես՝ մեր նպատակն է ներգրավել նրանց այնպիսի կարևոր տարածքներում, ինչպիսին, օրինակ՝ «Զիկատար» պահպանվող տարածքն է, որտեղ կա ենթակառուցվածքների ձևավորման անհրաժեշտություն, բայց չկան այդքան մեծ պետական միջոցներ։ Այստեղ մենք որոշակի ժամանակով կառավարումը մասնավորին հանձնելու դիմաց կարող ենք ներգրավվել բիզնես սեկտորում։ Նա կարող է այս տարածքում հանգիստ կազմակերպել` բնականաբար, պահպանելով բնապահպանական չափանիշները, իսկ նախարարությունն արդեն կունենա հսկողական լիազորություն, որպեսզի չավերվի այդ հատվածը»,- շարունակեց Մինասյանը՝ հավելելով, որ կարևորում է նաև Վրաստանի և Իրանի հետ տարածաշրջանային ծրագրերի իրագործումը:
Պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է, որ որոշակի ՀԷԿ-երի, որոնց որոշ սեփականատերեր օլիգարխներ են, գործունեությունը դադարեցվի՝ հաշվի առնելով, որ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ապահովել գետերի հզորությունն ու արդյունավետությունը, նախարարը նշեց. «Մեր գլխավոր նպատակը գետերի հզորության արդյունավետությունը ճիշտ գնահատելն է, ինչպես նաև բնապահպանական տեսակետից ավերումների դեմն առնելը: Անկախ նրանից, թե ում է պատկանում ՀԷԿ-ը, եթե տվյալ ՀԷԿ-ը չի բավարարում բնապահպանական ստանդարտներին, մենք ներկայացնելու ենք միջնորդություն՝ կիրառելու համար համապատասխան պատժամիջոցներ՝ ջրօգտագործման թույլտվության չեղարկում կամ նոր պայմանների առաջադրում: Օգտագործումը պետք է լինի արդյունավետ և օպտիմալ, այլ ոչ թե ամեն գնով «հյուծենք» ջուրը՝ այդ կենսառեսուրսը` արդյունքում ոչինչ չունենալով: Առայժմ ուսումնասիրությունների փուլում է այդ ամենը, իրականացվում են ստուգումներ մի քանի այլ ուղղություններով, այդ թվում` նաև Շաքիի ջրվեժի մասով, որտեղ ևս կա շատ լուրջ խնդիր: Ունենք ստուգումներ բացված ձկնաբուծական մի շարք տնտեսություններում և, առհասարակ, խորքային հորերի մասով, ընդերքի ջրերի անարդյունավետ օգտագործման մասով և այլն»,- ընդգծեց Մինասյանը, ով, այս ամենով հանդերձ, չի կարծում, որ մինչ այս ոլորտում բարձիթողի վիճակ է եղել:
Մինասյանը վստահեցրեց նաև՝ չկա որևէ անձ, որը կարող է կամ հնարավորություն ունի հասարակության մեջ ունեցած իր դիրքով ազդելու իրենց որոշումների կայացման վրա:
Խոսելով Ամուլսարի ծրագրի և բնապահպանների դժգոհությունների մասին` նախարարը նշեց, որ այդ հարցով երեկ քննարկում է եղել, սակայն ինքը՝ որպես բնապահպանության նախարար, այս հարցում որևէ հիմք չի տեսել, որպեսզի կիսի բնապահպանական ՀԿ-ների մտահոգությունները: