Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պատկերացնենք այսպիսի իրավիճակ` Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կողմ է քվեարկում Ղրիմի հանրաքվեն չճանաչելու բանաձևին և, որպես դրանից բխող տրամաբանական հետևություն, չի ընդունում Ղրիմի և Սևաստոպոլի կարգավիճակի փոփոխությունը: Պատկերացնենք, որ Հայաստանն ամենաժողովրդական ու ամենաազատ մի երկիր է: Արդյոք այս ամենից կբխի՞, որ Ղրիմի հանրաքվեն չճանաչող 100 երկիրը նույն կազմակերպվածությամբ կողմ կքվեարկի 1991 թվականի մեր հանրաքվեն ճանաչելուն և Արցախի կարգավիճակի փոփոխությանը: Հենց Ուկրաինան կողմ կքվեարկի՞, թե՞ կսկսի նազեր ծախել` դեռ նստենք, դեռ տեսնենք, դեռ քննարկենք, խաղաղ կարգավորենք…
Քսաներեք տարի է անցել: Ոչ մի երկիր պետական մակարդակով չի ճանաչել մեր հանրաքվեն: Պատճա՞ռը: Հարցնում ենք` ո՞րն է չճանաչելու պատճառը: Վստահ եմ` կասեք իրենց շահերը թույլ չեն տալիս: Բայց, ներողություն, քանի որ Ուկրաինայի և Ղրիմի հարցում չափանիշ եք ընդունում երկրների բռնատիրական կամ ոչ բռնատիրական լինելը, եկեք Արցախի հարցում էլ այդ նույն չափանիշը կիրառենք: Ո՞ւր են այն 100 ազատ երկրները, որոնք դեմ են Ղրիմի «բռնակցմանը» Ռուսաստանին, բայց, չգիտես` ինչու, դեմ չեն սովետների կողմից Արցախի բռնակցմանը Ադրբեջանին: Մինչդեռ ոչ մի գաղտնիք չկա այստեղ: Ռուսաստանի շահերը թույլ չեն տալիս առ այսօր ճանաչել ԼՂՀ անկախությունը: Նույնն է ԱՄՆ-ի դեպքում: Շահերն են առաջնայինը և ոչ թե տվյալ երկրում ժողովրդավարության և ազատությունների մակարդակը: Եթե շարժվենք այն տրամաբանությամբ, որ ազատ երկրները կողմ էին Ղրիմի հարցով ՄԱԿ-ի բանաձևին, իսկ անազատներն ու բռնատիրականները` դեմ, ապա պիտի ընդունենք, որ Ադրբեջանը ամենաազատ երկրների շարքում է, ով գիտի, գուցե Շվեյցարիայից հետո երկրորդը, քանի որ կողմ է քվեարկել բանաձևին: Բայց չէ՞ որ դա նոնսենս է մի երկրի համար, որտեղ նախագահը օրենք է ընդունել ցմահ նախագահելու մասին:
Մենք այն 11 երկրների մեջ ենք, որոնք դեմ են քվեարկել բանաձևին: Մեր լրատվամիջոցները աղմուկ են բարձրացրել, որ մենք այդ առումով բռնատիրական երկրների շարքում ենք: Չենք կարող, իհարկե, պնդել, որ մենք ազատ երկիր ենք, բայց նաև մենք մեղք չունենք, որ մյուս 10 երկրները, որոնք նույնպես դեմ են քվեարկել, բռնատիրական են: Մենք դեմ ենք քվեարկել հանրաքվեն` որպես ժողովրդի կամաարտահայտության միջոց, չընդունելուն, մենք դեմ ենք քվեարկել երկակի ստանդարտներին, մենք, եթե կուզեք` դեմ ենք քվեարկել անարդարությանը: Վերջապես, մենք այդ կերպ կողմ ենք քվեարկել` մեր սեփական խնդիրներից ելնելով: Սա շատ նորմալ է, և դա թե' Արևմուտքն է հասկանում, թե' Ռուսաստանը և թե' Ուկրաինան: Աննորմալ կլիներ հակառակը, եթե Հայաստանը կողմ քվեարկեր բանաձևին և հայտնվեր իրեն թշնամի հայտարարած Ադրբեջանի և Թուրքիայի կողքին, որոնց համար Ղրիմը թուրքական տարածք է համարվում: Կողմ քվեարկել ՄԱԿ-ի այդ բանաձևին` Հայաստանի համար համազոր էր Հայաստանը շրջանցող բազմաթիվ ծրագրերին կողմ քվեարկելուն, որոնց մի մասն այսօր արդեն գործում է:
Եկեք հարցին մոտենանք մեկ այլ տեսանկյունից: Ենթադրենք Ռուսաստանն ագրեսոր է, զենքով ներխուժել է Ուկրաինա և անեքսիայի ենթարկել Ղրիմը: Ո՞ւր է համապատասխան արձագանքը` ՆԱՏՕ-ի, Ուկրաինայի, ԵՄ-ի, ամբողջ միջազգային հանրության, այն 100 երկրների, որոնք կողմ են քվեարկել ՄԱԿ-ի բանաձևին: Բա ինչո՞ւ ՆԱՏՕ-ի և Թուրքիայի ռազմանավերը չպաշտպանեցին Ղրիմը, ինչո՞ւ չկռվեց Ուկրաինան, ինչո՞ւ ցույցեր չեղան Լոնդոնում, Վաշինգտոնում, Փարիզում, Բեռլինում` «Ձեռքերդ հեռու Ուկրաինայից՚» (չենք ասում` Ղրիմից) պահանջով: Տարօրինակ չէ՞, երբ 10-15 զինված մարդ ներխուժում է մի ողջ զորամասի տարածք և առանց մի կրակոցի բոլորին դուրս հրավիրում այնտեղից: Տարօրինակ չէ՞, որ Ուկրաինայի Գերագույն ռադան, փոխանակ կոչ անելու կազմակերպել Ղրիմի պաշտպանությունը, երկու օրվա ընթացքում ուկրաինական զինուժը տարհանում է Ղրիմից, նավերը թողնում Ռուսաստանին: Այս ամենն ինչ-որ նման չէ ագրեսորին կանգնեցնելու գործընթացին: Սա ավելի շուտ ճակատագրի հետ հաշտվելու է նման: Գուցե խոսել է նաև սթափ մտածողությունը, որ այդ հողը և այդ ժողովուրդը Ռուսաստան է: Մնացածը` սկսած խնդրո առարկա բանաձևից մինչև G8-ից Ռուսաստանի «վտարում» և նրա դեմ պատժամիջոցների կիրառում, կապիկություն է:
Այսօր մենք մտածում ենք, որ Հայաստանի վրա ճնշում է բանեցվել քվեարկության հարցում: Պատճառն այն է, որ ԱԳՆ-ն նախապես հայտարարել էր, որ բանաձևին ձեռնպահ ենք քվեարկելու, բայց քվեարկեցինք դեմ: Մեր կարծիքով, սակայն, ոչ թե ճնշում է եղել, այլ շատ արագ խելքի ենք եկել, ինչը գովելի է: Դա պայմանավորված է եղել նաև բուն բանաձևի բովանդակությամբ, որտեղ որևէ խոսք չկա այն մասին, որ Ռուսաստանը զենքի ուժով է իրեն միացրել Ղրիմը: Այնտեղ հստակ կոչ կա այն մասին, որ չճանաչեն հանրաքվեն և այդ հանրաքվեի արդյունքում Ղրիմի և Սևաստոպոլ քաղաքի կարգավիճակի փոփոխությունը: Սա է, մեր կարծիքով, ստիպել ՀՀ պատվիրակությանը դեմ քվեարկել այդ բանաձևին, որովհետև դա հեռու չէ նաև Արցախի հանրաքվեն չճանաչելու կոչից և Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին հերյուրանքից:
Մենք Րաֆֆի Հովհաննիսյանին հարգում ենք, իհարկե, բայց նա շատ ծիծաղելի վիճակում է հայտնվում, երբ մի կողմից` Ղրիմի հարցում Հայաստանի դիրքորոշումը համարում է սխալ, իսկ մյուս կողմից` պահանջում է Արցախի հանրաքվեն ճանաչել և այն հիմք ընդունել ԼՂՀ կարգավիճակը ճշտելու հարմար: Նա, անտեսելով պատմությունը, համարում է, որ օտար ուժեր են օկուպացրել Ուկրաինայի տարածք համարվող Ղրիմը: Սա, իրականում, շատ վտանգավոր մոտեցում է հարցին: Այդ նույն մտածողությամբ կարելի է հասնել այնտեղ, որ պնդենք, թե Հայաստանն էլ, իբր, ԼՂԻՄ-ն է օկուպացրել ու ինքնագլուխ հռչակել հայկական տարածք: Պետք է վերջ տալ սրան և այն սին հայտարարություններին, որ Ղրիմի ու Ղարաբաղի խնդիրները ընդհանրություններ ու համեմատության եզրեր չունեն:
Էդիկ Անդրեասյան