կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-20 14:39
Հասարակություն

Դեղերի հատավաճառը դեմ է միջազգային բոլոր ստանդարտներին. փաթեթավորումը խախտել չի կարելի

Դեղերի հատավաճառը դեմ է միջազգային բոլոր ստանդարտներին. փաթեթավորումը խախտել չի կարելի

Դեկտեմբերի 15-ից ուժի մեջ է մտել «Դեղերի մասին» նոր օրենքը: Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանն այսօր լրագրողներին ասաց, որ օրենքում կատարված փոփոխությունները հիմնականում դրական են և ավելի արդիական: Ըստ նրա` օրենքը ստեղծվել է միջազգային չափանիշներին համապատասխան:

«Տեղական արդյունաբերողների առաջարկները գրեթե բոլորն էլ հաշվի են առնվել, իսկ ներկրողների հետ կապված` դեռ սպասում են, քանի որ հայտնի չեն` կարգավորումներն ինչ պայմաններով են գրվելու: Բացի այդ` կան մի շարք գործընթացներ, որոնք ենթաօրենսդրական ակտերով պետք է  կարգավորվեն»,- ասաց Զաքարյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք օրենքը կկարգավորի նաև դեղերի` անօրինական հոսքն ու վաճառքը, Զաքարյանը պատասխանեց, որ Հայաստանում կեղծ դեղեր` կավիճ, թույն, չկա, կան միայն Վրաստանից ապօրինի ներմուծված դեղեր, որոնք գնալով ահռելի չափերի են հասնում:

Բոլորին հուզող հարցը, թե նոր օրենքն արդյո՞ք սահմանափակում չի իրականացնում` հատավաճառի հետ կապված, Զաքարյանը պատասխանեց, որ թե՛ հին օրենքով և թե՛ նոր օրենքով հատավաճառն արգելվում է: «Ամբողջ աշխարհում այդպես է, քանի որ փաթեթավորումը խախտել չի կարելի: Հատավաճառը դեմ է միջազգային բոլոր ստանդարտներին: Դա տխուր փաստ է, որը գոյություն ունի մեզ մոտ` հաշվի առնելով մարդկանց սոցիալական վիճակը»,- ասաց նա:

Նոր օրենքով Հայաստանում առկա դեղերի 50 տոկոսը կվաճառվի միմիայն դեղատոմսով: Դա, ըստ Զաքարյանի, նորություն չէ, պարզապես նոր օրենքով խախտումների դեպքում տույժեր ու տուգանքներ են սահմանվել: Դեղատոմսերը, նրա հավաստմամբ, պետք է հաշվառված բաժանեն բժիշկներին:

Yerkir.am-ի հարցին, թե օրենքը տալի՞ս է հնարավորություն, որպեսզի Հայաստան մտնեն դեղերի նոր անուններ, նոր ֆիրմաներ, ըստ որի էլ` կստեղծվի մրցակցային դաշտ և որոշակի գնանկում կլինի, Զաքարյանը պատասխանեց, որ նոր դեղերի առկայությունը մեզ մոտ հնարավոր և ցանկալի է: «Ավելին` մենք կառավարությանն առաջարկել ենք, որ այն դեղերը, որոնց ներկրումը ձեռնտու չէ տնտեսվարողին, պետությունն իր վրա վերցնի գոնե այդ դեղերի գրանցումը և այդ դեղերն արտադրող ընկերություններին համագործակցության հրավեր անի: Բացի այդ` պետությունը գների «առաստաղ» է դնելու»,- ասաց նա: