Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում, անդրադառնալով հարցին` արդյո՞ք իրականացման ընթացքում է այն ծրագիրը, որ Հայաստանի արտաքին պարտքը հնարավոր է մարել բնապահպանական ծրագրերի միջոցով, ասաց, որ դա համարում է մեր հիմնական գաղափարական ձեռքբերումներից մեկը:
«Այս պահին, փոխվարչապետի գլխավորությամբ, ստեղծված է հանձնաժողով: Համաշխարհային բանկը, որը տեխնիկական աջակցողը պետք է լիներ, այս գաղափարին տվել է հավանություն: Սա աննախադեպ է աշխարհում, որ երկիրը, որը չունի արտաքին պարտքի մասով պրոբլեմ, գնա այս տարբերակին, և միջազգային կազմակերպությունները դրական մոտենան»,- ասաց նախարարը, ապա բացատրեց, որ, որպես կանոն, «Բնապահպանական ծրագրերի դիմաց արտաքին պարտք» բանաձևն աշխատել է այն երկրների համար, որոնք ունեցել են արտաքին պարտքի սպասարկման խնդիր:
Սակայն, ըստ նրա, մեր երկրում չկա այդ խնդիրը: «Շատ կարևոր է այս մեխանիզմի գործադրումը, որպեսզի իրականացնենք ներդրումներ շրջակա միջավայրի մասով և արտաքին պարտքի մասով էլ վճարումներ կատարենք, իսկ այդ գումարը ներդնենք մեր կենդանական, բուսական աշխարհի կամ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման մեջ»,- ասաց Մինասյանը:
Նախարարը նաև նշեց, որ ակնկալում են մինչև փետրվարի վերջը 5 երկիր ներգրավվի այդ ծրագրում: «Կարևոր ծրագրերից մեկը անտառածածկ տարածքների համար է, և եթե ստացվի, մենք հրաշալի անտառածածկ տարածքներ կունենանք»,- նշեց Մինասյանը:
Նախարարը բացատրեց, որ դա վարկ չէ: «Եթե մենք, օրինակ, պարտք ենք Ճապոնիային, իսկ Ճապոնիան էլ որևէ միջազգային բնապահպանական ծրագրի անդամ է, ապա մենք Ճապոնիային պարտքը տալու փոխարեն, այստեղ կիրագործենք բնապահպանական ծրագրեր, կհամարվի, որ մենք պարտքը վճարել ենք, Ճապոնիան էլ կատարել է իր պարտականությունները միջազգային պայմանագրի մասով»,- ասաց նա: