կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-21 16:44
Հասարակություն

Պարգևներ` Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին` ԼՂՀ–ում կատարած աշխատանքների համար

Պարգևներ` Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին` ԼՂՀ–ում կատարած աշխատանքների համար

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) աշխատանքային խումբը՝ տնօրեն Արտակ Պողոսյանի ղեկավարությամբ հոկտեմբերի 17-ից 20-ն այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն նոր ծրագրերի իրականացման, կրթական ՏՀՏ-ների ներդրման շարունակականության ապահովման հետ կապված հարցերը քննարկելու նպատակով: Հանրակրթության պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում ծանոթացել են համագործակցության շրջանակում կատարվող աշխատանքների ընթացքին և արձանագրված արդյունքներին, մասնավորապես՝ անհրաժեշտ խորհրդատվություն է տրամադրվել «Հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեության մասին» (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվությունները բաշխելու և վարչական վիճակագրության հավաքագրման վերաբերյալ, ստուգվել Շարժական ինտերնետային համակարգչային կայանի (ՇԻՀԿ) աշխատանքը՝ ուսումնական ծրագրեր, աշխատաժամանակ, դասընթացներ աշակերտների համար, ուսուցիչների վերապատրաստումներ և այլն:

Հոկտեմբերի 18-ին ԿՏԱԿ-ի ներկայացուցիչներին ընդունել է ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Ս. Ասրյանը, ով ԿՏԱԿ-ի տնօրենին հանձնել է նախարարության Պատվոգիր, իսկ կազմակերպությանը՝ Շնորհակալագիր և երախտագիտություն հայտնել Արցախի կրթական համակարգին ցուցաբերվող աջակցության համար:
ԿՏԱԿ-ի և ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության համագործակցության շրջանակում 2014թվականից ՇԻՀԿ-ը դասընթացներ և վերապատրաստումներ է կազմակերպում ԼՂՀ-ում:  2014թ. 22 համայնքներում կազմակերպված դասընթացներին մասնակցել են 235 աշակերտ և 389 ուսուցիչ, 2015թ.՝ 447 աշակերտ և 338 ուսուցիչ, իսկ 2016թ. ինն ամիսներին՝ 200 աշակերտ, 157 ուսուցիչ:  ԿՏԱԿ-ը 2012 թվականին ստեղծել է ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության կայքը, Ստեփանակերտ քաղաքի դպրոցներում իրականացրել է ներքին համակարգչային ցանցերի նախագծման աշխատանքները, յուրաքանչյուր տարի ապահովում է դպրոցների համակարգչային կենտրոնների ծրագրային թարմացումը, 2015-ից սկսած կազմակերպում է ԼՂՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների վիճակագրության վարման, հիմնապաշարի ստեղծման, մշակման, սխալների շտկման և ամփոփման աշխատանքները։ Անցկացնում է սեմինար-վերապատրաստումներ Արցախի բոլոր շրջանների կրթության պատասխանատուների և Ստեփանակերտի դպրոցների տնօրենների համար՝ հանրակրթության վիճակագրության հավաքագրման մեթոդաբանության ներկայացման նպատակով: