կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-30 15:40
Քաղաքական

ՀՅԴ Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի՝ սեպտեմբերի 8-ից 30-ը կատարած հիմնական աշխատանքների ամփոփագիր

ՀՅԴ Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի՝ սեպտեմբերի 8-ից 30-ը կատարած հիմնական աշխատանքների ամփոփագիր

– ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը սեպտեմբերի 13-ին ընդունեց Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, մեր ժողովրդի մեծ բարեկամ, Բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը։

-Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի քաղաքական առաջնահերթությունների մեծ մասը վերջերս արտացոլվել էին «ԱՄՆ ազգային պաշտպանական արտոնությունների ակտի» քննարկումների ընթացքում՝ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի կողմից առաջադրված թվով ութ օրենսդրական փոփոխությունների միջոցով։ Այդ օրենսդրական փոփոխությունների ընդունման ուղղությամբ էլ Հայ դատի հանձնախումբը կենտրոնացրել էր աշխատանքներն անցնող սեպտեմբերին։

-ՀՅԴ Հայ Դատի Կանադայի հանձնախումբը 2021թ․ սեպտեմբերի 21-ին հատուկ հաղորդագրություն է հրապարակել, որով, ի թիվս այլնի կանադական կառավարությունից պահանջել է Երևանում դեսպանություն հիմնել՝ նկատելով, որ Կանադան «Մեծ յոթնյակի» միակ երկիրն է, որ Երևանում ռեզիդենտ դեսպանություն չունի։ Ըստ հանձնախմբի՝ այդ հանգամանքն էականորեն կաշկանդել է ինչպես Հայաստանի զարգացմանը և ժողովրդավարական գործընթացներին նպաստելու՝ Կանադայի հանձնառությունը, այնպես էլ վերջինիս դիվանագիտական ներկայությունը տարածաշրջանում, հատկապես 44-օրյա պատերազմի ընթացքում։

-Ավստրալիական պետական SBS հեռուստաալիքը, պաշտոնապես ներողություն է խնդրել երկրի հայ համայնքից՝ Արցախի վերաբերյալ թյուր տեղեկատվությունների հանրայնացման համար։ Մասնավորապես շաբաթներ առաջ լրատվական գործակալությունը հրապարակում էր արել, որոնցում Արցախի ականապատ տարածքների վերաբերյալ ներկայացվել էր սխալ տեղեկատվություն և մեղադրանքներ էին ուղղվել հայկական կողմի հասցեին։ ՀՅԴ Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը, ավստրալահայ համայնքի անունից բողոքի ալիք բարձրացրեց, ինչից հետո գործակալության պաշտոնյաները ներողություն խնդրեցին հայ համայնքից։

-Սեպտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում աշխատանքային այցով Կիպրոսում էր գտնվում ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը։ Քաղաքական հանդիպումներ է ունեցել Կիպրոսի քաղաքական շրջանակների հետ։

Նախորդ ամփոփագրերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
30.09․2021 թ.