կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-11 14:28
Հասարակություն

Հետբուհական կրթական ծրագիր Հայաստանում և Ղրղզստանում` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում

Հետբուհական կրթական ծրագիր Հայաստանում և Ղրղզստանում` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում

Եվրամիության աջակցությամբ իրականացվող «Էրազմուս+» ծրագրի շրջանակում հայտարարվել է «Հայաստանում և Ղրղզստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հետբուհական կրթական ծրագրերի մշակում և հետազոտական կապերի ուժեղացում» նախագծի (CeoTAK) մեկնարկի մասին:

Այդ նպատակով կազմակերպված առցանց հանդիպմանը ելույթ է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարարության անունից ողջունելով ծրագրի մասնակիցներին` նախարարի տեղակալը նշել է, որ բարձր է գնահատում աշխարհագրական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հետբուհական ծրագրի մշակումը` այդ համատեքստում կարևորելով բուհերում հետազոտության, նորարարության և արդյունաբերության կապերի ամրապնդմանը միտված նախագիծը: Ա. Մարտիրոսյանը՝ որպես ծրագրի համակարգող, շնորհակալություն է հայտնել Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանին` նշելով, որ ծրագրում ընդգրկված են ՀՀ երեք բուհեր` Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանը, Հայաստանի ագրարային ազգային համալսարանը:

CeoTAK նախագիծը միտված է աշխարհագրական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ասպիրանտական կրթության բարելավմանը, արդյունաբերական դոկտորական կրթության մոդելի կիրառմանը, հետազոտական կարողությունների ուժեղացմանն ու կապերի զարգացմանը:

2021-24 թվականների համար նախատեսված 36 ամսվա տևողությամբ կրթական նախագիծը համակարգելու է Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանը: «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը» (ՃՇԱՀ) հանդես է գալիս որպես հայաստանյան համակարգող:

Նախագծի շրջանակում վերանայվելու և բարելավելու են հետազոտական լաբորատորիաները, համապատասխան թեմաներով վերապատրաստվելու են ոլորտում մասնագիտական գործունեություն ծավալող մասնագետները:

Նախագծում ընդգրկված են 14 կազմակերպություններ Իսպանիայից, Շվեդիայից, Սլովենիայից, Բելգիայից, Հայաստանից և Ղրղզստանից.

Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարան - Իսպանիա (համակարգող),

Արքայական տեխնոլոգիական ինստիտուտ – Շվեդիա,

Լյուբլյանայի համալսարան – Սլովենիա,

Բրյուսելի ազատ համալսարան – Բելգիա,

Հայաստանի ազգային ագրարային համալսարան,

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան,

Երևանի պետական համալսարան,

ՀՀ կադաստրի կոմիտե,

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,

Ղրղզստանի շինարարության, տրանսպորտի և ճարտարապետության պետական համալսարան,

Ղրղզստանի երկրաբանության, լեռնահանքային արդյունաբերության և բնական պաշարների զարգացման պետական համալսարան,

Ղրղզստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն,

Օշի տեխնոլոգիական համալսարան – Ղրղզստան,

Ղրղզստանի Հանրապետության պետական քարտեզագրական-գեոդեզիական ծառայություն:

Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանում և Ղրղզստանում հետբուհական բարձրագույն կրթության նոր ծրագրերի մշակումն է` միտված հետազոտությունների և նորարարությունների միջև կապերի զարգացմանը, պետական կառույցների հետ համագործակցության ամրապնդմանը: Թիրախային են դիտվում համատեղ նորարարական նախագծերի և ասպիրանտական ծրագրերի իրականացումը, արդյունաբերության հետ բուհական կապի ամրապնդմանն ուղղված ռազմավարությունների մշակումը և այլն: