կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-20 12:31
Քաղաքական

Հայաստանի ու Արցախի անվտանգության պահպանման ոլորտում կառավարությունը չի խնայելու ջանք ու միջոց. Կարեն Կարապետյան

Հայաստանի ու Արցախի անվտանգության պահպանման ոլորտում կառավարությունը չի խնայելու ջանք ու միջոց. Կարեն Կարապետյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է նոր կառավարության ծրագիրը: Այն ներկայացնում  է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Վարչապետի խոսքով` եղած աշխարհաքաղաքական ու տնտեսական զարգացումներում Հայաստանի տնտեսության առկա կառուցվածքը, ստանդարտ մոտեցումների դեպքում, չի կարող ապահովել առաջընթացի այն տեմպերը, որոնք համահունչ են մարտահրավերներին: Ուստի անհրաժեշտ է խորությամբ վերլուծել, վերաիմաստավորել տնտեսական զարգացման մասին պատկերացումները , մոտեցումները, հատկապես` պետական կառավարման, տնտեսական հաշվառման, վիճակագրական հիմքերի, տնտեսական ներուժի, մրցակցության վերաբերյալ: Կարեն Կարապետյանի խոսքով` կառավարության առջև դրված է պահանջ` իրականացնել կառավարման համակարգի և տնտեսության վիճակի հստակ ախտորոշում, կարևորագույն խնդիրների առարկայական վերլուծություն` առաջարկելով թե' կարճաժամկետ, թե' երկարաժամկետ միջոցառումների ու ռազմավարության հետ կապված ծրագրեր:

Երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի մշակման համար  կառավարությունը ստեղծում է ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որտեղ նշված խնդիրների լուծմամբ կզբաղվեն Հայաստանի ու Սփյուռքի առաջատար մասնագետներն ու փորձագետները:

Կառավարության առջև դրված ռազմավարական խնդիրներից վարչապետը ընդգծեց մի քանիսը: Հայաստանի անվտանգության ու պաշտպանության հարցը երկրի թիվ մեկ խնդիրն է, երկրի առջև ծառացած ռազմական սպառնալիքները պահանջում են ունենալ մարտունակ, մշտապես կատարելագործվող, արդիականացվող, հասարակության վստահությունն ու աջակցությունը  վայելող պաշտպանության համակարգ:

«Հավաստիացնում ենք ձեզ, որ անվտանգության ոլորտում կառավարությունը չի խնայի ոչ մի միջոց և ջանք` Հայաստանի ու Արցախի դեմ ռազմական սպառնալիքները չեզոքացնելու , բավարար ռազմական կարողությունների ստեղծման, տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանման համար»,- ասաց վարչապետը: