կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-14 19:22
Հասարակություն

Մեզ պարտադրված է ինքնապաշտպանությունը, որպես մեր կյանքի, ազատության և արժանապատվության պահպանման միակ միջոց. Ամենայն Հայոց կաթողիկոսի կոչը

Մեզ պարտադրված է ինքնապաշտպանությունը, որպես մեր կյանքի, ազատության և արժանապատվության պահպանման միակ միջոց. Ամենայն Հայոց կաթողիկոսի կոչը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդես է եկել կոչով։

Սիրելի հավատավոր ժողովուրդ,

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աստվածային օրհնությունն ենք բերում ձեզ և Հայրապետական Մեր սերն ու աղոթքները:

Մեր հայրենիքի համար վճռական օրեր են։ Կենաց ու մահու կռիվ ենք մղում հանուն Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի։ Ադրբեջանը, անտեսելով հրադադարի պայմանավորվածությունը, շարունակում է ռազմական գործողությունները Արցախի Հանրապետության դեմ՝ հրետակոծելով նաև խաղաղ բնակավայրերն ու բնակչությանը, մեր հուշարձաններն ու սրբավայրերը, Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Թիրախավորվել են նաև Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերը։ Ադրբեջանի այս ընթացքը ի ցույց է դնում բանակցությունները ձախողելու, Արցախի ժողովրդին հայրենի հողից վտարելու և բնաջնջելու նրա հայատյաց քաղաքականությունը։ Արցախի համար չկա և չի կարող լինել անվտանգության երաշխիք Ադրբեջանի կազմում։ Պատերազմը մեր ժողովրդի ընտրությունը չէ: Մեզ պարտադրված է ինքնապաշտպանությունը, որպես բռնության ու բիրտ ուժի դեմ մեր կյանքի, ազատության և արժանապատվության պահպանման միակ միջոց:

Մենք դիմում ենք մարդկային կյանքը, խաղաղությունն ու արդարությունը արժևորող բոլոր պետություններին, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ առավել վճռական քայլեր ձեռնարկելու կանխելու համար Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների անմիջական ներգրավմամբ Ադրբեջանի կողմից իրագործվող վայրագություններն ու ցեղասպան գործողությունները, հարկադրելու դադարեցնել պատերազմը և հիմնախնդրի կարգավորմանը հետամուտ լինել բանակցությունների ճանապարհով։ Արցախի ժողովրդի անվտանգ կյանքը, Արցախում կայուն խաղաղության հաստատումը կենսական ու հրամայական է՝ կանխելու ավերածություններն ու հումանիտար աղետը տարածաշրջանում։  

Մեր կոչն ենք ուղղում հայրենաբնակ և աշխարհասփյուռ մեր ժողովրդին. սիրելիներ, առավել քան երբևէ հայրենիքը կարիքն ունի մեզանից յուրաքանչյուրի ամբողջանվեր հանձնառության, համայն հայության համախմբման և հաղթական վճռականության՝ Արցախը պաշտպանելու, մեր ժողովրդի նկատմամբ արդարություն հաստատելու սրբազան այս գոյապայքարում։ Լինենք միասնական և աննկուն, շարունակենք Արցախին ցուցաբերվող զորակցությունը, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերը, որպեսզի մեր հերոս նախնիների ոգով ներշնչված՝ փառապանծ հաղթանակով վերականգնենք խաղաղությունը հայրենյաց սահմաններում և ապահովենք Հայաստան և Արցախ մեր հայրենի երկրի անվտանգ ու ստեղծագործ կյանքը։

Սիրելի զինվորներ և սպաներ Հայոց փառապանծ բանակի, առանձնակի գնահատանքով և երախտագետ սրտով բերում ենք ձեզ Հայրապետական Մեր օրհնությունը։ Ամեն օր ծանր մարտերում դուք սխրանքներ եք գործում` պաշտպանելով մեր հայրենիքն ու ազատ ապրելու իրավունքը մեր ժողովրդի։ Ամեն ժողովուրդ պիտի հպարտանար ձեզ պես նվիրյալ, արժանավոր զավակներով: Մեր ժողովրդի պարծանքն եք դուք, մեր պետականության, ազատ Հայաստանի, ազատ Արցախի գոյության և մեր արդար ձգտումների երաշխավորը: Այս պայքարի ընթացքում նաև կորցրեցիք զինակից ընկերներ, ովքեր ընկան հերոսի մահով և ժառանգեցին նահատակության անթառամ պսակը։ Մեր նորօրյա նահատակների լույս հիշատակի առջև թող հաստատ լինի ձեր ուխտը՝ ազգասիրության հաղթական ոգին աննկուն պահելու և հայրենին պաշտպանելու։ Ձեր անձնվիրումի ու ծառայության օրինակով ոտքի է կանգնել համայն մեր ժողովուրդը ի սփյուռս աշխարհի և իր ձայնն է բարձրացնում հանուն Արցախի իրավունքների և հաղթանակի։ Մենք հավատում ենք, որ «Տերն իր ժողովրդին զորություն պիտի տա, իր ժողովրդին պիտի օրհնի խաղաղություն պարգևելով» (Սաղմ. ԻԸ 11)։ Եվ այդ հաղթական հավատքով հայցում ենք Բարձրյալից, որ անփորձանք պահի ու պահպանի ձեզ, սիրելի զինվորներ և սպաներ, աշխարհազորայիններ և կամավորականներ, զինավառի ձեզ իր հոգևոր սպառազինությամբ և զորացնի ձեր բազկի ուժը՝ հաստատելու հարատև խաղաղությունը մեր հայրենիքում և մեր ժողովրդի կյանքում։

Աղոթում ենք ձեզ համար։ Աստված օգնական և ապավեն ձեզ, Աստված օգնական և ապավեն Հայաստան և Արցախ հայրենի մեր երկրին և մեր ժողովրդին։ Ամեն։