Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Արմավիրի մարզում օգոստոսի 4-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, աշխատանքներն ու անելիքները:
Վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ Արմավիրի մարզը գյուղատնտեսական համախառն արտադրանքի մեկ շնչին բաժին ընկնող մասով լավագույն ցուցանիշն ունեցող մարզերից է:
Կառավարության ղեկավարի հարցին ի պատասխան՝ նշվել է, որ մարզի առավելություններն են ընդհանուր առմամբ զարգացած գյուղատնտեսությունը և մայրաքաղաքին մոտ լինելու հանգամանքը, իսկ թույլ կողմն արդյունաբերական ճյուղի զարգացածվածության, գյուղատնտեսության մեքենայացման, ինտենսիվ գյուղատնտեսության տարածվածության ցածր մակարդակն է:
Այս համեմատականները դրվել են Արմավիրի մարզի 2017-2025 թթ. զարգացման ռազմավարության հիմքում, դրանցով պայմանավորված որոշվել են մարզի ուժեղ ու թույլ կողմերը և մշակվել են ծրագրեր՝ ուղղված հենց այս թիրախներին: Այդ համատեքստում էլ կառավարություն ներկայացված ներդրումային ծրագրերի զգալի մասը հենց մարզում առկա գյուղատնտեսական ու արդյունաբերական ձեռնարկությունների առողջացման ծրագրերն են:
Գոհունակություն հայտնելով կատարվող քայլերից՝ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ ներկայում կառավարությունը քննարկում է պետական աջակցության գործիքակազմի միջոցով բիզնես ծրագրերի խթանման հնարավորությունները:
Հաջորդիվ կառավարության ղեկավարն անդրադարձել է համայնքների սեփական եկամուտների և աղբահանության ոլորտում գումարների հավաքագրման կատարողականին: Նշելով, որ ցուցանիշները գոհացուցիչ չեն, թերպլանավորում և թերհավաքագրում կա՝ վարչապետը հանձնարարել է վերլուծություն կատարել յուրաքանչյուր համայնքից ակնկալվող եկամուտների և աղբահանության ոլորտում հավաքագրման ծավալների վերաբերյալ ու ըստ այդմ սահմանել համապատասխան թիրախներ:
Կառավարության ղեկավարին զեկուցվել է մարզում գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման և ոռոգման ջրի մատակարարման վիճակի, տարերային աղետներից պաշտպանության համակարգի, պետական աջակցությամբ ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքի և միջանկյալ արդյունքների մասին: Վարչապետը նախ և առաջ անդրադարձել է ջրամատակարարման գործընթացի կազմակերպման ոլորտում կառավարության քաղաքականությանը, որն ուղղված է փոքր ու միջին ջրամբարաշինության խթանմանը:
«Գյուղատնտեսության զարգացման, ջրային ռեսուրսների պահպանման համար մենք առաջնային ենք համարում փոքր ու միջին ջրամբարների կառուցումը: Դա բերելու է 1 խմ ջրի պահպանման ծախսերի նվազմանը, որովհետև մեծ ջրամբարի կառուցման հաստատուն ծախսերն ավելի շատ են: Մենք հետևողական գնալու ենք դրան», - ասել է վարչապետը՝ հանձնարարելով աշխատել Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ:
Նշելով, որ հակակարկտային պաշտպանության համակարգի արդյունավետության բարձրացման խնդիր կա՝ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ արդեն սեպտեմբերին Արմավիրի և Արագածոտնի մարզերում պիլոտային տարբերակով փորձարկվելու է հակահրթիռային պաշտպանության նոր համակարգը: Կարևորելով գյուղտեխնիկայի ֆինանսական վարձակալության (լիզինգի) պետական աջակցության ծրագրի շահավետության վերաբերյալ պատշաճ իրազեկումը՝ կառավարության ղեկավարը նաև հանձնարարել է պատասխանատուներին վերլուծություն ներկայացնել գյուղատնտեսության ոլորտի մեքենայացման շահութաբերության և ֆինանսական գնահատականի վերաբերյալ:
Վարչապետ Կարապետյանը նաև մարզպետարանի կրթության և առողջապահության ոլորտների պատասխանատուների հետ քննարկել է կատարվող աշխատանքները: Կառավարության ղեկավարը խոսել է սկսված բարեփոխումների տրամաբանության մասին՝ առաջարկելով հետագա քայլերը քննարկել համապատասխան գերատեսչությունների հետ: Ներկայացվել են նաև բիզնես միջավայրի աշխուժացման և հնարավոր ներդրողների ներգրավման, մարզպետարան-շահագրգիռ գերատեսչություններ-առևտրաարդյունաբերական պալատ-գործարարներ համագործակցության ուղղությամբ աշխատանքները, հողօգտագործման և քաղաքաշինության ոլորտի ծրագրերը: