Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցել է Շինարարի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատելով Շինարարի օրը, այն ավանդական է դարձրել և ամեն տարի նշելով՝ փաստում է, որ շինարարությունը եղել և մնում է մեր երկրի տնտեսության կարևոր և առանցքային բնագավառներից մեկը: «Հայտնի է՝ եթե երկրում ակտիվ շինարարություն է ընթանում, ակտիվանում են նաև մյուս ոլորտները: Ցանկացած երկրի տնտեսության համար շինարարությունը մուլտիպլիկատիվ էֆեկտ ունի՝ դրական ազդեցություն ունենալով այլ ուղղությունների զարգացման վրա: Պետությունը, որտեղ զարգանում է շինարարությունը, առաջընթաց է ապրում: Մեր նախնիները բացառիկ ժառանգություն են թողել մեզ, որով հպարտանում ենք՝ պահպանելով և ներկայացնելով այն աշխարհին ու սերունդներին: Շատ ողջունելի է, որ այսօր հայ շինարարները զարգացնում են անցյալի մեր մեծ վարպետների մասնագիտական փորձառությունը և ավանդույթները՝ կառուցելով ամուր և գեղեցիկ շենքեր՝ նորարարական, առաջադեմ, անվտանգ տեխնոլոգիաների կիրառմամբ», - ասել է Կարեն Կարապետյանը: Վարչապետի խոսքով, որքան էլ վիճակագրական տվյալները հուշեն, թե շինարարության զարգացման առումով այժմ դժվարին փուլում ենք գտնվում, մեկ բան ակնհայտ է՝ հայ շինարարը միշտ կառուցել է և պիտի կառուցի. այդպես է եղել անգամ մեր երկրի համար չափազանց դժվարին ժամանակներում:
Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ կառավարությունն այսօր ջանքեր է գործադրում հանրապետությունում քաղաքաշինական-ներդրումային ծրագրերի իրականացման, շինարարության խթանման համար: «Արդեն իսկ մեկնարկել են բազմաթիվ ծրագրեր մայրաքաղաքում ու մարզերում և, այդ առումով, վիճակագրությունը, որ այս պահին ունենք, բավականին հետաքրքիր է և հուսադրող: Մենք պատրաստ ենք լրացուցիչ նպաստավոր պայմաններ ստեղծել շինարարի համար և տնտեսության զարգացման, և ներդրումների ապահովման նպատակով: Ցանկանում եմ ֆիքսել, որ շինոլորտում ակտիվության հստակ միտումներ ունենք և համոզմունք ենք հայտնում, որ շինարարության տեմպերի աճի առումով ունենալու ենք առաջընթաց», - ընդգծել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը նշել է, որ ընթացիկ տարվա առաջին վեց ամսվա ընթացքում, ըստ վիճակագրական տվյալների, ունենք հետ ընկնող երկու ոլորտ՝ շինարարությունն ու գյուղատնտեսությունը: «Մեր կանխատեսումներով, վստահ ենք, որ շինարարության ոլորտում հոկտեմբերին մոտենալու ենք այն ցուցանիշին, որը լրացնելու է նախորդ տարվա տեմպերն ու տարվա կտրվածքով ունենալու ենք աճ», - նշել է կառավարության ղեկավարը:
Անդրադառնալով գյուղատնտեսության բնագավառին՝ Կարեն Կարապետյանն ասել է, որ արդեն նախորդ ամիս արձանագրվել են աճի միտումներ: «Բոլորս պետք է վստահ լինենք, որ կառավարությունն այսօր վիճակագրական ինդիկատորներին հստակ հետևում է: Համոզված ենք, որ մենք ճիշտ ուղու վրա ենք», - ասել է Կարեն Կարապետյանը:
Ամփոփելով խոսքը՝ կառավարության ղեկավարը շնորհավորել է շինարարներին մասնագիտական տոնի առթիվ, մաղթել եռանդ և հաջողություններ:
Քաղաքաշինության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար և Շինարարի օրվա կապակցությամբ Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանին, «Կամուրջշին» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանին, «Հայնախագիծ» ԲԲԸ-ի տնօրեն Գրիգոր Ազիզյանին, «Ռենշին» ՍՊԸ-ի համահիմնադիր Արայիկ Կարապետյանին, «Ռենշին» ՍՊԸ-ի համահիմնադիր Էդուարդ Մարությանին: ՀՀ վարչապետի շնորհակալագրով են խրախուսվել՝ «Գապեքս» ՍՊԸ-ի տնօրեն Ռոբերտ Գաբրիելյանը, «Կարիտաս Իտալիանո» ՓԲԸ-ի տնօրեն Վարդգես Բաբայանը, «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի բաժնի վարիչ Հովհաննես Մեհրոնյանը, «Միկշին» ՍՊԸ-ի տնօրեն Ստեփան Խաչատուրյանը: