կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-18 13:36
Հասարակություն

Թալիշում պատնեշ է կառուցվում

Թալիշում պատնեշ է կառուցվում

Որևէ մեկը տրամադրված չէ տարածքներ զիջել Ադրբեջանին. այսօր լրագրողներին ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

«Մի´ հավատացեք, որ նման բան կարող է լինել, որևէ մեկը նման տրամադրություն չունի և չի ունենալու: Այդպիսի խոսակցությունները Հայաստանում բացառապես մի նպատակ ունեն՝ շահարկել խնդիրը, առաջացնել վատ տրամադրություն հասարակության շրջանում, և դրա վրա որոշակի քաղաքական դիվիդենդներ շահել»,- ասաց նա:

Անդրադառնալով Թալիշին` Իսագուլյանը հայտնեց, որ այնտեղ կառուցվում է պատնեշ, և հստակ է, որ Թալիշը կրկին բնակեցվելու է:

Նա նաև ներկայացրեց Լեռնային Ղարաբաղում անցկացված վերջին միջոցառումները: Արցախում մի շաբաթ առաջ Բերքի տոնն էր, որը կազմակերպել էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը և վարչապետ Արայիկ Հարությունյանը: «Այդ միջոցառման սկիզբը դրվել էր 5 տարի առաջ, երբ Ղարաբաղի տարբեր շրջանների բնակիչներն իրենց բերքը վաճառքի էին հանել Ստեփանակերտի հրապարակում»,- ասաց Իսագուլյանը:

 Նրա խոսքով՝ առաջին Բերքի տոնին եղել էին մի քանի տասնյակ մեքենաներ և տաղավարներ, առևտուրը կազմել էր մոտ 35 մլն դրամ: Մինչդեռ վերջին արարողությանը, որն անցկացվեց անցյալ շաբաթ, տաղավարների քանակը 1000-ից անցնում  էր, ներկայացված էին Ղարաբաղի գրեթե բոլոր շրջանները, և մեկ օրվա առևտուրը գերազանցեց 1 մլրդ դրամը: Իսկ հոկտեմբերի 23-ին տեղի կունենա ծառատունկ: