կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-07 13:35
Քաղաքական

Մենք մարզպետ չենք նշանակել, որ նրանով ձայն ապահովենք. Արմեն Ռուստամյան

Մենք մարզպետ չենք նշանակել, որ նրանով ձայն ապահովենք. Արմեն Ռուստամյան

Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, պատասխանելով հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ ՀՅԴ-ն դժգոհ է Շիրակի ՀՅԴ-ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանից, որովհետև ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ-ն ցածր արդյունքներ ունեցավ, ասաց, որ նախևառաջ մարզպետի գործառույթը ձայներ ապահովելը չէ:

«Մենք մարզպետ չենք նշանակել, որ նրանով ձայն ապահովենք, կամ նա պետք է գնար, ձայներ հավաքեր: Մարզպետի խնդիրն այն է, որ նա կարողանա տվյալ մարզում առաջացած խնդիրներին ժամանակին լուծում տալ՝ հայեցակարգված ձևով, և դրանով նվաճի բնակչության հարգանքը: Արդյունքում` կշահի այն կուսակցությունը, որը ներկայացնում է նա: Մարզպետի ուղղակի դերակատարում ընտրություններում մենք չենք դիտարկել, չենք էլ գնա դրան, որովհետև մենք ուզում ենք հենց դրանից ազատել երկիրը, որ ընտրություններում չկիրառվեն տարբեր վարչական լծակներ: Որ կիրառող լիներ, երևի այլ արդյունքներ կլինեին, ինչպես դա տխուր ավանդույթի միջոցով տեսնում ենք այլ տեղերում»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Միաժամանակ, նա նշեց, որ ՀՅԴ-ն հայտարարել է ՏԻՄ ընտրություններից իրենց դժգոհության մասին: Ռուստամյանի կարծիքով` այս ՏԻՄ ընտրությունները մրցակցային էին, կայացած, կա դրական տենդենց:

«Հիմա մենք քննություն ենք նշանակել` ՏԻՄ ընտրություններում մեր արդյունքները վերլուծելու համար, և այդ պատկերի հետ կապված` կկայացնենք մեր որոշումը, որը կվերաբերի ամեն մեկի ունեցած դերին. հաշվետվություն պետք է ներկայացնեն բոլոր օղակները»,- ասաց նա:

Ռուստամյանի կարծիքով` քաղաքական պայքարում պարտությունը նորմալ երևույթ է, այն կարող է ունենալ դրական արդյունք լուրջ քաղաքական ուժի համար, որովհետև պարտությունը չի թողնում, որ քաղաքական ուժը մեծամտանա, հոխորտացող հայտարարություններ անի, և ստիպում է, որ սխալներիդ նայես բաց աչքով:

«ՀՅԴ-ի համար այս ՏԻՄ ընտրությունները կարևոր էին, այն առաջին հերթին ստուգատես էր` մինչև հաջորդ ԱԺ ընտրություններ: Սակայն ՀՅԴ-ն չի ընդունում մյուս ծայրահեղությունը, թե այս ՏԻՄ ընտրություններն արտացոլելու են հաջորդ` ԱԺ ընտրությունների արդյունքների պատկերը: ՀՅԴ-ն գտնում է, որ ՏԻՄ ընտրություններում իրենց ներկայացվածությունը աճել է, ուստի, այդ համեմատությամբ, ՀՅԴ արդյունքները ձախողում համարել չի կարելի: Ազնիվ, անկեղծ կվերլուծենք արդյունքները և կկայացնենք մեր որոշումները: Ինչ վերաբերում է հրաժարականներին, դա ինքնագլուխ չի արվում, դա ԳՄ-ի որոշումներով է լինելու»,- ասաց Ռուստամյանը: