Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ՊՆ վարչական համալիրում այսօր տեղի ունեցավ ՀՀ ՊՆ կարիքների համար ապրանքների մատակարարման, աշխատանքների և ծառայությունների մատուցման մրցույթների հնարավոր մասնակիցների հավաք-հանդիպում: Հանդիպման ընթացքում ելույթ ունեցավ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը: Նա ներկայացրեց հանդիպման նպատակները:
«Դեպարտամենտի խնդիրը ժամանակին զինվորական խնդիրների կատարումն է: Դեպարտամենտի առջև խնդիր դրված չէ` էժան ապրանք մատակարարել, դեպարտամենտի առջև խնդիր է դրված որակյալ և ժամանակին նյութական միջոցներ ապահովել: Մենք պետք է ապահովենք այն նյութական միջոցներով, սպառազինությամբ, որն անհրաժեշտ է, որով մեր բանակն ավելի մարտունակ է: Լրատվամիջոցները տարածում են նյութեր, որոնցում շեշտադրվում են բանակի նյութաապահովման խնդիրները և բացթողումները: Իհարկե, մեծամասնությունը չի համապատասխանում իրականությանը, բայց այն մասը, որը համապատասխանում է, բավարար է, որպեսզի մենք լուրջ միջոցներ ձեռնարկենք նման խնդիրները լուծելու ուղղությամբ և բացառենք հետագայում նման խնդիրներ ունենալը»,- ասաց Հակոբյանը:
Ըստ նրա` շատ կարևոր է կազմակերպչական հարցերին ուշադրություն դարձնելը, որը կախված է զինված ուժերի տարբեր կառույցների պլանավորման գործընթացներից, այդ ուղղությամբ ՊՆ ղեկավարությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկում, որպեսզի համապատասխան պլանավորում իրականացվի: «Սա ներառում է նաև ձեզ վերաբերող գնման ժամանակացույցը, տեխնիկական բնութագրի հստակեցումը, որպեսզի այն միջոցները, որոնք պետք է մատակարարվեն, ձեզ համար լինեն հասկանալի, և ոչ թե ապահովվեն ձեր կամ ոմանց բիզնես ծրագրերը, այլ ապահովվի մեր բանակի մարտունակությունը»,- ասաց Հակոբյանը:
Դիմելով մրցույթների հնարավոր մասնակիցներին` նա ասաց. «Ես հատուկ կանգ չառա էժան գների վրա և ուզում եմ ասել, որ ժամանակին, որակյալ և մրցունակ նյութական միջոցների ապահովման միակ ձևը մրցակցությունն է»:
Հակոբյանը նաև նշեց, որ եթե նախկինում որևէ մեկի հետ կնքվել է պայմանագիր` գնում կատարելու համար, այսուհետ նման բաները բացառվելու են: «Պետք է ուշադրություն դարձվի տեխնիկական բնութագրին, և շատ կարևոր է ուշադրություն դարձնել մատակարարման ժամանակացույցին, դրան զուգակցվում է նաև վճարման ժամանակացույցը: Նյութական միջոցը բանակ մուտքագրելուց ընդամենը մի քանի օրվա ընթացքում բոլորդ ձեր գումարները ստանում եք ձեր հաշիվների վրա: Անթույլատրելի է լինելու պայմանագրի ստորագրումից հետո տեխնիկական բնութագրի մեջ որևէ փոփոխության կատարումը, ժամանակացույցերի երկարացումը և մնացած այլ գործառույթները»,- ասաց Հակոբյանը և հավելեց, որ գնումներն իրականացվում են` ղեկավարվելով գնումների մասին օրենքով:
Նա նաև ասաց, որ նյութական միջոցների ընդունման կարգում փոփոխություններ են լինելու: «Որպեսզի բացառվեն կոռուպցիոն ռիսկերը, պատվիրատուն, մրցույթ հայտարարողը և ապրանք ընդունողը տարանջատվելու են»,- հայտնեց ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետը: