կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-21 14:05
Տնտեսական

Առճակատվելու ենք ցանկացած անձի կամ պաշտոնյայի հետ, միայն թե ապահովենք հավասար վերաբերմունք ու պայմաններ. Արծվիկ Մինասյան

Առճակատվելու ենք ցանկացած անձի կամ պաշտոնյայի հետ, միայն թե ապահովենք հավասար վերաբերմունք ու պայմաններ. Արծվիկ Մինասյան

Այսօր էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպվել էր սեմինար շվեյցարական «Արտոնությունների ընդհանրացված համակարգ» GSP արտոնյալ ռեժիմի և հայ-շվեյցարական առևտրա-տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ: Սեմինարի նպատակն էր ներկայացնել Շվեյցարիայի կողմից Հայաստանին տրամադրվող արտոնությունների ընդհանրացված համակարգը` GSP արտոնյալ ռեժիմը, որպեսզի հայ գործարարները, որոնք արտահանում են կազմակերպում դեպի Շվեյցարիա, տեղեկանան գործող ընթացակարգի, տրամադրվող արտոնությունների մասին: Բացի Շվեյցարիայից, Հայաստանին  GSP արտոնյալ ռեժիմ են տրամադրել նաև ԱՄՆ-ը, Նորվեգիան, Ճապոնիան, Կանադան:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն իր ելույթում նշեց, որ թե' ՀՀ նախագահը, թե' կառավարությունը որդեգրել են արտաքին առևտրի խթանման, Հայաստանի ապրանքներն և ծառայությունները արտաքին շուկաներում լայնորեն ներկայացնելու, արտաքին շուկաներում դրանց իրացման ծավալները մեծացնելու քաղաքականություն:

Նա անդրադարձավ վերջին օրերին ամենատարածված թեմաներից մեկին` հակամենաշնորհային քաղաքականությանը, ասելով, որ կառավարությունը որդեգրել է ակտիվ հակամենաշնորհային քաղաքականություն:

«Այս առումով, բնականաբար, էկոնոմիկայի նախարարությունից ակնկալիքները մեծ են, և մենք ապահովելու ենք Հայաստանում մրցակցային հավասար պայմաններ, ընդհուպ` չենք խորշելու, առճակատվելու ենք ցանկացած խմբի, անձի, առանձին պաշտոնյաների հետ,  միայն թե ապահովենք երկրում հավասար վերաբերմունք և հավասար պայմաններ: Սա լինելու է մեր տնտեսական քաղաքականության հիմնական ուղղվածությունը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով`առաջին փուլում հակամենաշնորհային ակտիվ քաղաքականություն է իրականացվելու այն հիմնական ապրանքատեսակների գծով, որոնք հանրության շրջանում հաճախ ընկալվում են որպես մենաշնորհային կամ ոչ մրցակցային պայմաններ ունեցող: Հետագայում, հակամենաշնորհային քաղաքականության համատեքստում, ընդլայնվելու են ապրանքնատեսակների կազմն ու ցանկը:

Նախարարը վստահեցրեց, որ հակամենաշնորհային քաղաքականության արդյունքում  օտարերկյա ներկրողներն ու արտադրողները ավելի մեծ վստահությամբ  ներդրումներ կկատարեն Հայաստանում, քանի որ կառավարությունը որդեգրել է նեդրումային քաղաքականության խթանում:

«Ինձ համար, որպես էկոնոմիկայի նախարարի, տարբերություն չպետք է լինի` օտարերկրյա՞ է ներդրումը, թե՞ տեղական: Ինձ համար կարևոր է երկու սկզբունքների պահպանումը` ցանկացած ներդրող պետք է ունենա բացարձակ պաշտպանություն, ցանկացած ներդրող պետք է վստահ լինի, որ իր սեփականության իրավունքը երաշխավորված ու պաշտպանված է Հայաստանում: Դա հնարավորություն կտա թե' տեղական և թե' օտարերկյա ներդրողներին մեծածավալ հոսք ապահովելու Հայաստանի տնտեսական կյանքում»,- ասաց Արծվիկ Մինասյանը: