Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն հայտնել ենք, որ ավարտվել է նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի և ՀՅԴ Բյուրոյի ու ԳՄ անդամների հանդիպումը: Հանդիպումից հետո ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Սարգսյանի առաջադրման հետ կապված խնդիրն են քննարկել, խոսել են իրենց պատկերացումների մասին, այն նոր էջի, որը պիտի բացվի Հայաստանի համար:
«Խորհրդարանական համակարգում բոլոր կառույցները նորովի ձևավորելու խնդիր կա, և մեր խորին համոզմամբ, լավ սկիզբը գործի կեսն է, և այդ լավ սկիզբը իրար հետ անելու մասին ենք խոսել, քննարկել Հայաստանի թե ներքին, թե արտաքին խնդիրները: Ուզել ենք համոզմունք փոխանցել, որ սա պատմական մեծ առաքելություն է, որը պետք է նախագահն իրականացնի»,- ասաց Ռուստամյանը:
Նա նշեց, որ իրենց և թեկնածուի մոտեցումները այնքանով են համապատասխանում, որ Սարգսյանն էլ է ասում՝ խոսքը գնում է չորրորդ հանրապետության մասին:
«Մենք ժամանակին նույն գնահատականն ենք տվել, որ խորհրդարանական համակարգի անցնելով ձևավորվում է Հայաստանի 4-րդ հանրապետությունը»,- նկատեց նա:
Yerkir.am-ի հարցին էլ՝ հանդիպումից հետո հստակ դիրքորոշում ունե՞ն Սարգսյանին սատարելու հարցում, ասաց. «Սա նախնական հանդիպում էր: Մենք ԳՄ-Բյուրո համատեղ արդյունքները կամփոփենք, նա էլ դեռ իր վերջնական որոշումը կկայացնի: Եթե նա համաձայնի առաջադրվել, մենք ամենայն հավանականությամբ կպաշտպանենք նրան: Արմեն Սարգսյանի թեկնածությանը չսատարելու պատճառ չենք տեսնում, որովհետև նա իսկապես պատկերացնում է այն պատմական մեծ առաքելությունը, որն այսօր պետք է իրականացնի: Լավագույն անձերից մեկն է, ով կարող է իսկապես հայությունը միավորելու մի կարևոր գործընթաց իրականացնել թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս»: