կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-07 11:54
Սպորտ

Շանսեր կան, բայց հավաքականի վերջին խաղերը հուսադրող չեն. Լևոն Պաչաջյան

Շանսեր կան, բայց հավաքականի վերջին խաղերը հուսադրող չեն. Լևոն Պաչաջյան

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 8-ին և 11-ին կանցկացնի Մունդիալ-2016-ի ընտրական փուլի հերթական հանդիպումները` համապատասխանաբար հյուրընկալելով Ռումինիայի և հյուրընկալվելով Լեհաստանի հավաքականներին: Yerkir.am-ի զրույցում Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը խոսեց Հայաստանի հավաքականի շանսերի և հավաքական չհրավիրված ֆուտբոլիստների մասին:

«Շանսեր միշտ էլ կան, բայց, ցավոք, վերջին խաղերը հուսադրող չեն։  Եթե հաշվի առնենք կազմի հետ կապված խնդիրները, ապա վիճակն էլ ավելի բարդ է դառնում, ինչն էլ մեր շանսերը բավականին քիչ է դարձնում»,- ասաց նա:

Անդրադառնալով հավաքական չհրավիրված ֆուտբոլիստներին` Պաչաջյանն ասաց. «Ճիշտն ասած` Ռուսլան Կորյանի հետ կապված, չեմ կարող ասել, թե ինչու չի հրավիրվել։ Համենայն դեպս, պատճառաբանություն մարզիչների կողմից չի հնչել, իսկ ահա Սարկիսովի վերաբերյալ ասվեց, որ չի համապատասխանում խաղային համակարգին։  Չեմ ուզում, իհարկե, գուշակություններ անել և այլ բան մտածել,  բայց, տեսնելով, թե ինչ խղճուկ վիճակում էր Դանիայի հետ խաղում մեր հարձակման գիծը, առնվազն տարօրինակ է, թե ինչու չի հրավիրվել Սարկիսովը։ Իսկ Մխիթարյանի հետ կապված ասվում է, որ նա ամբողջովին չի վերականգնվել։ Դրանով երևի եզրափակվենք»։

Հարցին, թե, այնուամենայնիվ, ճիշտ չէ՞ր լինի որ Մխիթարյանը ժամաներ, և հավաքականի բժիշկները տեղում զննեին նրան, Պաչաջյանը պատասխանեց. «Դե, արդեն պետք է նայել անհատապես, թե ինչպիսի մոտեցում է ցույց տալիս խաղացողի ակումբը։ Հնարավոր է` նրանք են դեմ այդ ամենին։ Բայց, իրոք, լավ կլիներ, եթե Մխիթարյանը թիմի հետ լիներ»։