կարևոր
598 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-12 18:52
Հասարակություն

Շանսեր կան, բայց շանսերը չեմ համարում շատ․ Եղիշե Մելիքյան

Շանսեր կան, բայց շանսերը չեմ համարում շատ․ Եղիշե Մելիքյան

Նոյեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու Հայաստան–Հունգարիա հանդիպումը։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նախախաղային մամուլի ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին․

«Թիմը հոգեբանորեն պատրաստ է այս խաղին։ Այո, ունենք որոշակի կորուստներ, սակայն մյուս կողմից դա հնարավորություն է տալիս տեսնելու նոր ֆուտբոլիստների խաղը։ Սա լավ հնարավորություն է նոր կազմով հանդես գալու, քանի որ նախորդ խաղերի համեմատ 4-5 ֆուտբոլիստ այս անգամ չեն մասնակցի։

Ինձ համար սա լավ փորձություն է և վերլուծության հնարավորություն՝ հասկանալու, թե արդյոք մեր ընտրված ուղին ճիշտ է։ Այս խաղերը կօգնեն մեզ շարժվել ճիշտ ուղղությամբ։ Շատ ուրախ եմ, որ կարող եմ այս ամենը տեսնել և զարգանալ։

Կհաղթենք վաղը, թե ոչ՝ կուզենայի, բայց թիմը պատրաստ է թե՛ հաղթանակի, թե՛ ոչ-ոքիի, թե՛ պարտության։ Կարևորը պայքարելն է։ Հոկտեմբերյան պարտությունները մեզ հնարավորություն տվեցին վերլուծելու և ուղղելու մեր սխալները։

Շանսեր ունենք, թեկուզ քիչ, բայց քանի դեռ կան՝ պետք է պայքարենք։ Ես չեմ եկել հավաքական՝ միայն այս աշնանը հարցեր լուծելու։ Ինչի համար որ եկել եմ, հենց դա էլ անում եմ՝ մարզչական շտաբի և թիմի հետ։ Արդյունք նույնպես ուզում եմ, դրա համար էլ կպայքարենք։

Մենք կունենանք ընկերական խաղեր, որտեղ անպայման կկատարեմ փորձարկումներ։ Այն, ինչ կարող եմ անել ընկերական խաղերում, չեմ կարող ռիսկի դիմել պաշտոնականում։ Սա հնարավորություն կտա նորերին՝ ապացուցելու իրենց և մտնելու առողջ մրցակցության մեջ։ Հավաքականում ոչ ոք չպետք է իրեն անփոխարինելի զգա։

Ես հավատում եմ մեր երիտասարդներին և նրանց հնարավորություն եմ տալու։ Գարնանը և ամռանը կտեսնենք արդյունքը պրակտիկայում։ Վաղը մեկնարկային կազմում կլինեն հիմնականում Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներ։ Չեմ հիշում, թե երբ վերջին անգամ նման բան է եղել։ Սա ինձ ուրախացնում է, քանի որ դա լրացուցիչ մոտիվացիա կտա մեր ներքին առաջնության խաղացողներին։ Ռիսկ կա՞ — այո՛։ Բայց ես չեմ վախենում պարտությունից, և մեծ ցանկություն ունեմ հաղթելու։

Առայժմ չեմ քննարկում Նորբերտո Բալեկյանին հրավիրելու հարցը, քանի որ Հայաստանի առաջնության գրեթե բոլոր խաղերին ներկա եմ եղել։ Դրսից հրավիրվող ֆուտբոլիստը պետք է արժանի լինի մեկնարկային կազմում խաղալուն։ Հակառակ դեպքում ներքին առաջնության ֆուտբոլիստները ժամանակի ընթացքում կմտնեն մրցակցության մեջ։

Ադամյանի թեմայի մանրամասները ներքին գործ են, դրանց չեմ անդրադառնա։ Ինչ վերաբերում է Բանդիկյանին՝ հրավիրել եմ, որովհետև նա 20 տարեկան է և ապագայում տեսնում եմ նրան հավաքականում։ Եթե առիթ լինի, չեմ վախենա վստահել նրան։ Նա մեր տեսադաշտից դուրս չէ, և ժամանակի ընթացքում ավելի վստահ կդառնա»,- նշել է Մելիքյանը։