Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր մեկնարկած` «Ազգ-բանակ 2017» քառօրյա համաժողովում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է զինծառայությանն առնչվող երկու կոնցեպտուալ նոր ծրագրերի ներդրման հնարավորության մասին: Դրանցից մեկով, որը պայմանականորեն կոչվում է «Պատիվ ունեմ», նախատեսվում է ուսումնական տարկետում շնորհել այն ուսանողներին, ովքեր կորոշեն երեք տարով, որպես սպա, վճարովի աշխատանք իրականացնել բանակում: Նպատակը հասկանալի է՝ բուհերում ուսումնական տարկետումը պայմանավորել սպայական ծառայությամբ, լուծել սպայական կազմի անդադար համալրման խնդիրը, սպայական ծառայությունը մասնակիորեն դարձնել երիտասարդության զբաղվածության միջոց:
Երկրորդ՝ «Ես եմ» ծրագրով փաստացի խնդիր է դրվում ներդնել ժամկետայինի և պայմանագրայինի համադրման միջոցով հիբրիդային ծառայության նոր տեսակ, որով թեև զինծառայության տևողությունը դառնում է 3 տարի, սակայն փաստացի դրա կեսը զինծառայողն անցկացնում է տանը և զորամասում, իսկ մյուս կեսը՝ առաջնագծում: Զինծառայության ժամկետի ավարտին նրանց միանվագ կտրվի 5 մլն դրամ, որը կարող են օգտագործել բնակարան ձեռք բերելու, ուսման վարձը վճարելու կամ ֆերմերային տնտեսություն զարգացնելու նպատակներով:
Այս կերպ պաշտպանության նախարարությունը ցանկանում է մի կողմից խրախուսել ծառայությունը մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում, մյուս կողմից՝ զինծառայությունը դարձնել սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման յուրատեսակ «ներդրումային» հաստատություն:
Սրանք ընդամենը գաղափարներ կամ առաջարկներ են, որոնք պաշտպանական գերատեսչությունը դնում է հանրային քննարկման, և որոնք, բնականաբար, չափազանց լուրջ մասնագիտական փորձաքննության և վերլուծության պետք է ենթարկվեն: Ի վերջո, բանակը, այն էլ` փաստացի պատերազմի մեջ գտնվելու պայմաններում, էքսպերիմենտների տեղ չէ, իսկ որ դրանք ունեն հավելյալ ճշգրտումների կարիք և գոնե ներկայացվածի համատեքստում որոշակի ռիսկեր են պարունակում, տեսանելի է արդեն հիմա:
Օրինակ՝ «Ես եմ» ծրագրի պարագայում, որքան էլ գաղափարը, նպատակները հասկանալի և ողջունելի են, այնուհանդերձ, կարող է մտավախություն առաջանալ, որ ներդրվում է ծառայության այնպիսի տեսակ, որը տանում է զինծառայության ոլորտում սոցիալական շերտավորման: Զուտ տեսականորեն կարող է առաջանալ իրավիճակ, երբ այս ծրագրի ներդրումը վերածվի սոցիալապես ապահովված ընտանիքների երեխաներին, նորակոչիկներին առաջնագծում ծառայելու հեռանկարից ազատելու լեգիտիմ միջոցի, որովհետև կարծես դեռ պարզ չէ՝ ինչպե՞ս է կազմակերպվելու նրանց ծառայությունը, ովքեր չեն ցանկանա ներգրավվել ժամկետային-պայմանագրային զինծառայության այս նոր համակարգում և ցանկություն չեն ունենա ծառայել ռիսկային զորամասերում: Եթե այս ծրագիրը ներդրվում է «Ազգ-բանակ» կոնցեպցիայի համատեքստում, ապա որևէ պարագայում չի կարելի թույլ տալ, որպեսզի ապահովված ընտանիքների, բարձրաստիճան պաշտոնյաների զավակների` առաջնագծում ծառայությունից խուսափելու կամ նրանց համար ծառայության արտոնյալ փափուկ ռեժիմներ ստեղծելու` ներկայումս դե ֆակտո գոյություն ունեցող իրողությունները դե յուրե արձանագրում ստանան, այսինքն` լեգիտիմացվի այդ երևույթը:
Սրանք ռիսկեր են, որոնք դեռևս բխում են բավականին ընդհանրական ներկայացված գաղափարներից: Որքանո՞վ են դրանք իրական, պարզ կլինի նրանից, թե դրանց հիման վրա կոնկրետ ի՞նչ նախագիծ կամ նախագծերի փաթեթ կդրվի սեղանին: Էականը տվյալ դեպքում այն է, որ նախքան ռեալիզացումը, այդ գաղափարները, նախագծերը նախ դրվում են հանրային քննարկման, տվյալ դեպքում` համաժողովի ձևաչափով: Որևէ կասկած չկա, որ առաջիկայում դրանք դառնալու են հանրային-քաղաքական օրակարգի հիմնական հարցերը: Սա հենց այն է, ինչ անցած տարի չարվեց մարտական գործոությունների ժամանակ զոհված կամ վիրավորված ընտանիքների հատուցման՝ այսպես կոչված, «1000 դրամի հիմնադրամ» ստեղծելու գործընթացի նախաձեռնումից առաջ, և ինչը հանրային լուրջ դիմադրություն հարուցեց՝ ստվերելով «Ազգ-բանակ» գաղափարը շրջանառելու նպատակները:
Նոր գաղափարները համաժողովի միջոցով շրջանառության մեջ դնելը վկայում է, որ իշխանությունները նախորդ սխալից որոշակի հետևություններ են արել և պատրաստ են հանրային բաց քննարկումների: Այլընտրանք էլ չկա, որովհետև բանակն առանձին փակ, ինքնաբավ համակարգ չէ, և դրա բարփոխումները չեն կարող կենսունակ լինել ու հավատ ներշնչել` առանց հանրային աջակցություն վայելելու: Այս իմաստով կարևոր էր ինքնին «ազգ-բանակ» գաղափարը համաժողովի առարկա դարձնելը կամ դրանով այդ գաղափարի իրականացման մեկնարկ տալը: Այն թույլ կտա հասկանալ, թե ինչպե՞ս է իշխանությունը պատկերացնում այդ ֆունդամենտալ, հասարակության, պետության կենսագործունեության նոր փիլիսոփայություն բերող նոր կոնցեպցիայի իրագործումը: Այս հարցի պատասխանը մինչ այս պահը կատարյալ անորոշության մեջ էր, և տպավորություն էր, թե իշխանությունը փորձում է հանրությանը կերակրել հերթական գեղեցիկ, բայց բուտաֆորիկ գաղափարներով:
Մինչդեռ քառօրյա այս միջոցառման առաջին իսկ օրն արդեն որոշ փակագծեր է բացում: Մասնավորապես` պարզ է դառնում, որ այս փուլում շեշտը դրվում է պաշտպանության և կրթական համակարգերի փոխներթափանցման մեխանիզմներ ստեղծելու վրա: Պետք է ենթադրել, որ համաժողովային երկխոսության այս ձևաչափը կգործի նաև գիտություն-բանակ, տնտեսություն-բանակ, մշակույթ-բանակ և մյուս առանցքների պարագայում՝ շրջանառելով «ազգ-բանակ»-ին միս ու արյուն հաղորդող նորանոր՝ բարեփոխիչ և այլընտրանքային ծրագրեր: Սա զուտ «Ազգ-բանակ»-ի որոշակիացման խնդիր չէ: Սա կարող է վերջապես կերոնի դեր կատարել երկրի ապագայի անորոշությունների մեջ հուսալքվող ժողովրդի համար:
Գևորգ Դարբինյան