կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-10 22:58
Սպորտ

Վարուժան Սուքիասյանը գիտի, թե ինչպես է պետք աշխատել. Լևոն Պաչաջյան

 Վարուժան Սուքիասյանը գիտի, թե ինչպես է պետք աշխատել. Լևոն Պաչաջյան

Արդեն հայտնել ենք, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Վարուժան Սուքիասյանը: Թեմայի շուրջ Yerkir.am-ը զրուցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանի հետ:

 «Վարուժան Սուքիասյանը մեր փորձառու մասնագետներից է, ով ժամանակին աշխատել է հավաքականում: Գիտի, թե ինչ է իրենից պահանջվում, և թե ինչպես է պետք աշխատել:  Չնայած այս ժամանակահատվածում շատ մեծ է լինելու ճնշումը ցանկացած մարզչի վրա,  նման  ձախողումից հետո` հատկապես երկրպագուների կողմից, ամեն դեպքում հուսով եմ ամեն ինչ հաջող կստացվի»: 

Այն հարցին, թե ինչպես է մեկնաբանում  ՀՖՖ նախագահի այն հայտարարությունը, որ հավաքականի մարզիչը պետք է անպայման լինի հայ` ֆուտբոլիստը պատասխանեց.

«Դա կախված է ֆեդերացիայի հնարավորություններից: Արտասահմանյան մասնագետ հրավիրելը մեծ ֆինանսների հետ է կապված: Չեմ կարծում, որ ֆեդերացիան տարեկան 3-4 միլիոն դոլար բյուջե ունի, որ կարողանա նման բան թույլ տալ: Ինձ թվում է` միակ հարցը ֆինանսականն է: Բացի դա, փորձը ցույց է տվել, որ արտասահմանցի մասնագետների մեծ մասը անհաջող է աշխատում: Այս ամենը, ինչպես նաև  հայկական մենթալիտետը հաշվի առնելով`  ինձ թվում է` ավելի ճիշտ է տեղացի մարզիչը»:

Լևոն Պաչաջյանն անդրադարձավ նաև ՀՖՖ նախագահի` վերջերս արված հայտարարությանը, որ Ալբանիայի հետ խաղում տեղի է ունեցել դավաճանություն հայ ֆուտբոլիստների կողմից:

«Հիմա ամեն ինչ խառն է, և երևի ճիշտ չի լինի մեկնաբանել այս ամենը: Պատասխան եղավ նաև ֆուտբոլիստների կողմից, բայց ինձ թվում է` ներքին կարգով ամեն ինչ կհարթվի:  Ես անձամբ չեմ հավատում այդ ամենին, և դա ինձ համար մեծ անակնկալ էր: Այն տղաներին, որոնց ես ճանաչում եմ, նրանք նման բան չէին կարող անել, հատկապես եթե հաշվի առնենք, որ խոսքը ազգային հավաքականի մասին է: Բացի այդ էլ դա մեծ ռիսկ է:  Եթե  այդպիսի բան անես, ապա մեր փոքր երկրում մի քանի ժամում ամեն ինչ ջրի երես դուրս կգա:  Ինձ թվում է` գալիք տարում ամեն ինչ կհանդարտվի, և նորից մենք կունենանք այն հավաքականը, որը մի քանի տարի առաջ տոն էր տալիս Եվրոպայում»,- ասաց Պաչաջյանը: