կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-28 13:22
Քաղաքական

Եթե քաղաքականություն պետք է թույլտվությամբ գան, ավելի լավ է` չգան. Վահրամ Բաղդասարյան

Եթե քաղաքականություն պետք է թույլտվությամբ գան, ավելի լավ է` չգան. Վահրամ Բաղդասարյան

ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ, որպես քաղաքական գործիչ, իրենց գործը լավ չեն անում, որ Գագիկ Ծառուկյանը ստիպված է վերադառնալ քաղաքականություն: Բաղդասարյանն արձագանքեց, որ անհատները չէ, որ պետք է տան քաղաքական դաշտի գնահատականը, այլ՝ հանրությունը:

«Բայց ես այդ կարծիքին չեմ, որ քաղաքական գործիչներն իրենց գործառույթը չեն կատարում: Իսկ Ծառուկյանի վերադառնալը նրա որոշման խնդիրն է: Երբ որոշումը կլինի, այդ մասին կխոսենք»,- ասաց նա:

«Ծառուկյանի վերադարձի կարիքը կա՞» հարցին Բաղդասարյանը պատասխանեց, որ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի գալու քաղաքականություն, եթե այդպես է որոշում ժողովուրդը:

Դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ Ծառուկյանի վերադարձը համաձայնեցվել է Սերժ Սարգսյանի կամ ՀՀԿ-ակաների հետ, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց, թե որևէ հանդիպում կամ քննարկում ՀՀԿ-անների, առավել ևս՝ Սերժ Սարգսյանի հետ չի եղել: «Դա զուտ լրատվական հետաքրքրություններ են: Որևէ մեկի հետ հանդիպումներից չենք հրաժարվում, բայց առաջարկություն չի եղել, ցանկություն էլ չի եղել»,- ասաց նա` հավելելով. «Եթե քաղաքականություն պետք է թույլտվությամբ գան, ավելի լավ է` չգան: Ակտիվ դերակատարում ունեցողներն իրենք են որոշում` իրենց քաղաքական ուժի հետ գա՞լ, թե՞ ոչ»: