կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-17 16:12
Քաղաքական

Հովիկ Աբրահամյանը մնում է մեր ընկերը. Վահրամ Բաղդասարյան

Հովիկ Աբրահամյանը մնում է մեր ընկերը. Վահրամ Բաղդասարյան

Այսօր խորհրդարանում լրագրողները ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեցին` արդյո՞ք կառուցվածքային և կադրային փոփոխությունների արդյունքում հնարավոր է իշխող ուժից նեղացած ու քաղաքականությունից դուրս մնացած անձանց վերադարձը: Նա նշեց, թե չգիտի` ովքեր են նեղացածները:

«Կարող է քաղաքական դաշտում ունենան պասիվություն, նման տիպի մարդիկ մենք ունեցել ենք: Ոչ մեկ հավերժ չէ իր պաշտոնում` ո'չ պատգամավորը, ո'չ խմբակցության ղեկավարը, ո'չ այլ գործիչներ, և այդ պաշտոնից ազատվելը չի նշանակում կուսակցությունից հեռանալ: Նրանք այլ գործառույթներ են կատարում կուսակցության մեջ: Քաղաքականության մեջ պետք չէ տուրք տալ նեղացածությանը, ես դա չեմ ընդունում: Ի՞նչ է, եթե նեղանում են, գաղափարախոսությունը փոխվո՞ւմ է նրանց մոտեցումներով»,- ասաց նա:

Հարցին` օրինակ, կուսակցությունում ի՞նչ գործառույթ ունեն Գագիկ Բեգլարյանը, Աշոտ Աղաբաբյանը, Մհեր Սեդրակյանը, Բաղդասարյանը պատասխանեց. «Գագիկ Բեգլարյանը գործադիր մարմնի անդամ է և գործադիր մարմնում բավական ակտիվ աշխատանք է տանում: Մհեր Սեդրակյանը եղել է պատգամավոր, այժմ պատգամավոր չէ, նա կուսակցության անդամ է, մեր ընկերն է, կուսակցական գործընկերն է: Ննույնը` Աշոտ Աղաբաբյանը: Նրանք որևէ պաշտոնների կամ այլ բաների հավակնություններ չեն ունեցել և չեն զբաղվել, նրանք մեր կուսակցության անդամներ են, իսկ Աշոտ Աղաբաբյանը գալիս է կուսակցության ակունքներից»:

Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի` «մայր գետին» միանալու հավանականությանը, Բաղդասարյանն ասաց. «Ես խնդրում եմ` չփորձեք ինձ տանել այն դաշտը, որ անձերի շուրջ քննարկումներ ծավալեմ: Հովիկ Աբրահամյանը մեր ընկերն է և մնում է մեր ընկերը, և այդ գետերի միացման հետ կապված` ես չգիտեմ, թե դուք ինչ ակնարկներ եք կատարում: Հովիկ Աբրահամյանն այսօր զբաղվում է իր գործունեությամբ, պարզապես ժամանակավորապես պասիվ է քաղաքականության մեջ, և դա նորմալ երևույթ է»:

Դիտարկմանը` Հովիկ Աբրահամյանը տարբեր առիթներով` հարսանիքների, ծնունդների ժամանակ, հանդիպում է Սերժ Սարգսյանի և իշխող ուժի մյուս անդամների հետ, հետևաբար` այդքան էլ առանձնացված չէ «մայր գետից», պատգամավորն արձագանքեց. «Դուք ի՞նչ եք կարծում, որ եթե որևէ վարչապետ ազատվում է, հեռանում է աշխատանքից, և որևէ մեկը պատգամավոր չէ, դրանով մարդկային հարաբերությունները վերացա՞ն»:

Բաղդասարյանը նշեց, որ Հովիկ Աբրահամյանը նախագահի թեկնածուների թվում չկա: «Նա նախագահի թեկնածուների թվում չկա: Համենայն դեպս, ես խոսել եմ Հովիկ Աբրահամյանի հետ և գիտեմ, որ չկա: Նման ցանկություն նրա կողմից չկա, և կուսակցությունը դեռևս անուններ չի քննարկել»,- ասաց նա: